Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Սահմանամերձ հատվածներում լուսանկարահանման կարգավորումները պետք է լինեն տրամաբանության սահմաններում». Տիգրան Աբրահամյան

«Սահմանամերձ հատվածներում լուսանկարահանման կարգավորումները պետք է լինեն տրամաբանության սահմաններում». Տիգրան Աբրահամյան
219
Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 19:30

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանամերձ համայնքներում, սահմանային հատվածներում տեսանկարահանումները, լուսանկարահանումները, հավաքական առումով՝ լուսաբանումներն, անշուշտ, կարգավորման խնդիր ունեն։
Բայց դրանք պետք է լինեն տրամաբանության սահմաններում, որպեսզի չդիտվի զուտ իրականության քողարկում։
Մեկ օրինակ բերեմ. Գորիս-Կապան ճանապարհի մերձակա հատվածներում ադրբեջանական մեկ սահմանային ուղեկալ և մի քանի դիտակետ-հենակետներ կան։
Եթե ես ճանապարհին մեքենայից նկարում եմ, դա ի՞նչ սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը։
Խնդիրն այն ժամանակ կլինի, եթե, օրինակ, ես դա նկարեմ մեր մարտական դիրքի այնպիսի ռակուրսից կամ սահմանային հատվածից, որում կերևա մեր դիրքի կառուցվածքը, կահավորումը, սպառազինությունը, տեխնիկական միջոցները և այլն։
Թող որևէ կառույց, այդ թվում՝ ԱԱԾ-ն, ցույց տան այն վտանգները, ռիսկերը, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելը։
Եթե այս սահմանափակումների գործընթացը փորձում եք տեղավորել իշխանության՝ Սյունիքն անվտանգ է կեղծ և վտանգավոր թեզի ներքո, ասեմ, որ դրանով ավելի մեծ վնաս եք հասցնում երկրի ազգային անվտանգությանը, քան իրականության մասին խոսելով։
Ի վերջո, մեր խնդիրն այն է, որ ռեսուրսները սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ դնելու փոխարեն իշխանությունը զբաղված է իրականությունը թաքցնելով»: