«Նման ենք մի երկրի, որն ունի հսկայական նավթի պաշարներ, բայց որոշել է չօգտագործել դրանք». նախագահ
![]() 274 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 18:44 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը. «Պետք է ունենանք շատ հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր, որը գրված լինի ամեն տարվա և ամեն օրվա, ամեն անհատի համար՝ ներառյալ Սփյուռքը: Եթե մենք ռազմավարություն ենք մշակում և գնալու ենք առաջ, ապա դրա հիմնաքարը պետք է լինի մեր թերություններն ու մեր առավելությունները գնահատելը: Ցանկացած երկիր նույն ճանապարհով պետք է անցնի: Նույնիսկ մեր թշնամին այդ ճանապարհով է անցել: Առաջին ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո նրանք կարողացան գնահատել իրենց առավելությունները, որոնք են՝ բնական ռեսուրսները՝ նավթ ու գազ, էներգետիկ խաչմերուկ են՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկած նավթի և գազի բնական ճանապարհ են դեպի եվրոպական շուկաներ, և հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս երեք գործոնը որպես առավելություն օգտագործելով՝ եկան հասան 26 տարի հետո մեզ համար շատ ցավալի և ողբերգական իրավիճակի: Մեզ համար շատ էական է, որ մենք կարողանանք գնահատել՝ որոնք են մեր առավելությունները: Որքան էլ փնտրենք, իրականում մեկն է և շատ մեծ. դա մարդկային գործոնն է: Այդ մասին բոլորս գիտենք, բոլորս խոսում ենք, կենացներ ենք ասում, հավաքներում, ժողովներում, միտինգներում դրա մասին ենք խոսում, բայց իրականում նման ենք մի երկրի, որն ունի հսկայական նավթի պաշարներ, բայց որոշել է չօգտագործել դրանք: Եթե դա երկրի հիմնական պաշարն է, և երկիրը դա չի օգտագործում, դառնում է անապատ: Նավթ ունեցող երկիրն ի վերջո նավթը վաճառելուց հետո ներդնում է գումարն իր մարդկանց մեջ՝ կրթելով, համալսարան բացելով, ուղարկելով քաղաքացիներին այլ երկրներ: Մենք ունենք այսօր այդպիսի տաղանդավոր մարդիկ, և, ցավոք սրտի, որևէ կերպ չենք կարողանում օգտագործել այդ հսկայական հարստությունը: Եվ այս հարստության մեծ մասը գտնվում է արտերկրում՝ Սփյուռքում: Ուրեմն, հետ նայել, որ սխալները չկրկնենք, հստակ ծրագիր ունենալ և օգտագործել առավելությունները, որ մարդկային ռեսուրսներն են, ներգրավել մեր հայրենակիցներին, արհեստական խոչընդոտներ, պատեր չդնել նրանց ներգրավելու համար: Սա վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը: Արտաքին քաղաքականությունն ավելի արդյունավետ վարելու համար մենք բազմաթիվ բաղադրիչների կարիք ունենք: Նախ՝ տեղեկատվության, որը պետք է ստանանք և՛ սովորական խողովակներով, և՛ մեր հայրենակիցների, և՛ համաշխարհային լրատվության, և՛ հետախուզության միջոցով: Եվ, իհարկե, ունենանք սեփական բարձր որակի վերլուծական կենտրոններ: Պետությունը պետք է աջակցի նմանատիպ կենտրոնների գոյությանը: Ինչպես կառուցել մեր հարաբերությունները մեր լավագույն բարեկամներից մեկի հետ: Եթե հետ ենք նայում պատմությանը կամ մեր առօրյա կյանքին, Ռուսաստանում հսկայական Սփյուռք ունենք, որի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են: Ունենք փայլուն պատմություն, մոտ 200 տարի նույն պետության սահմաններում ենք ապրել՝ նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության, հայ ժողովրդի զավակները հսկայական ներդրում են ունեցել՝ սկսած կայսերական Ռուսաստանից՝ Լորիս-Մելիքովներից, Լազարևներից, Այվազովսկիներից մինչև ԽՄ վերջին տարիներ: Սակայն երկու պետությունների միջև հարաբերությունները մշակելիս մենք պետք է այս զգացականը մի կողմ թողնենք և մեր հարաբերությունների օրակարգը ձևավորենք շատ սառը, պրագմատիկ, համակողմանի վերլուծության և երկխոսության ճանապարհով: Այսինքն, Ռուսաստանի հետ ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա: Չպետք է մոռանանք, որ խոսքը փոքր Հայաստանի և շատ ավելի մեծ հայ ժողովրդի մասին է, որը գտնվում է Կովկասում շրջափակված վիճակում: Բայց մեր ռազմավարական գործընկերն աշխարհի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ գերտերություններից մեկն է, միջուկային գերտերություն: Հետևաբար, նախ, մեր հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության գետնի վրա: Երկրորդը, պետք է հստակ օրակարգ ունենանք, որը պրագմատիկ է: Գիտակցենք, որ այդ օրակարգը, որը հիմնական է, ամեն օր կարող է որոշակի փոփոխություններ ունենալ, որովհետև ամեն օր աշխարհն ու տարածաշրջանն են փոխվում, որովհետև նույնիսկ մենք՝ ներսում, ամեն օր փոփոխություններ ենք տեսնում: Սակայն հիմնական օրակարգը, մնալով նույնը, ևս մեկ կամ երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա: Դրանցից մեկը գործընկերների միջև վստահությունն է, երկրորդը՝ կանխատեսելիությունը: Սա նշանակում է, որ մեր գործընկերը պետք է մեզ համարի վստահելի և կանխատեսելի: Նույն ձևով էլ մենք իրեն համարենք: Անկանխատեսելի գործընկերը գործընկեր չէ: Չպետք է խուսափենք գործընկերությունից, որը ռազմավարական է, երկարաժամկետ, հենց նույն Ռուսաստանի հետ, որովհետև սա բնական է Հայաստանի համար: Եվ չպետք է դրանից քաշվենք, որովհետև շատ մեր գործընկերներ նույն Արևմուտքում սա շատ լավ գիտակցում են: Երբ ԱՄՆ-ում Սենատի անդամների հետ խոսում ես Հայաստանի մասին, շատ ջերմ են, հետաքրքրված, պատրաստ են աջակցության, կապված են ԱՄՆ-ում համայնքի հետ, գիտեն, թե ինչ է Եղեռնը, աջակից են և այլն: Բայց, միաժամանակ, երբ խոսքը պրագմատիկ, իրական քաղաքականության մասին է, նրանք են առաջինը ասում՝ դուք հատուկ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ՝ ելնելով պատմությունից, անցած ճանապարհից, այսօրվա տարածաշրջանային քաղաքականությունից: Եվ այդտեղ որևէ բացասական բան նրանք չեն տեսնում: Հետևաբար, հատուկ հարաբերություններ ունենալով նույն Ռուսաստանի հետ՝ մենք կարող ենք շատ խոր և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Հեռավոր Արևմուտքի՝ Ամերիկաների հետ, և՛ Արևելքի, և՛ նաև հարավի հետ և այլն: Այդտեղ որևէ հակասություն չկա, այնքան ժամանակ, որքան մենք ազնիվ ենք քաղաքականության իմաստով, պրագմատիկ ենք, հավասարակշիռ և տրամաբանական ենք մեր քաղաքականության մեջ: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք վստահելի ենք և կանխատեսելի»,- ասել է նախագահը: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
