Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Շատ կոնկրետ ու իրատեսական ճանապարհ է հարկավոր, ոչ թե ամբոխահաճական լոլոներ». Լևոն Բարսեղյան

«Շատ կոնկրետ ու իրատեսական ճանապարհ է հարկավոր, ոչ թե ամբոխահաճական լոլոներ». Լևոն Բարսեղյան
209
Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 20:12

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես անել» թիապարտի ճամփան ընդդեմ «ինչ անել» գունագեղ հեքիաթների
Քաղաքական մրցավազքի «ինչ անել» պատմույթը ժամանակն է փոխել «ինչպես անել» ճանապարհային քարտեզի: Քաղաքական ուժերի զգալի մասը, երիտասարդության կամ թերհասության կամ խաբեության բերումով պատմել ու պատմելու է, թե ինչ է անելու, ինչը, մեր մեջ ասած, ցանկացած դպրոցական արդեն կարող է պատմել: Ժամանակն է ստիպել պատմել, թե ինչպես են անելու, ժամանակն է ստիպել հասկանալ, որ պարապ ականջներ այլևս չկան, շատ կոնկրետ ու իրատեսական ճանապարհ է հարկավոր պատմել, և ոչ թե ամբոխահաճական լոլոներ կարդալ:
Չբացառենք, իհարկե, որ «ինչ անել» բնույթի պատմությունները, որ լսելու ենք պայքարի մեջ մտնող քաղաքական ուժերից ու կարդալու ենք գրեթե բոլոր բուկլետներում, տարբերվելու են իրարից, բայց համարձակվեմ պնդել, որ տարբերությունները մի 10-15 տոկոսի քաշ են ունենալու և այդ տարբերություններն են լինելու արժեքավոր՝ հասկանալու, թե ինչ են տենչում իրենց հոգիների խորքերում քաղաքական ուժերը: Մանավանդ, ընտրապայքարի մեջ մտնելիք քաղաքական ուժերի մեծ մասը տարբեր հանգամանքների բերումով դեռ չի կողմնորոշվել՝ ինքը ձախակա՞ն է, աջակա՞ն, թե՞ ձախակենտրոն, այս դիրքերը պարզելուն միտված հասարակ ստուգողական հարցերին պատասխանելու համար կարող է 4-5 տարի մտածեն ու չպատասխանեն:
Անհամեմատ արժեքավոր է լինելու լսել, թե ինչպես են անելու: Եվ վստահ եմ, որ մարդիկ ազատ կամարտահայտման մեխանիզմի ապահովման դեպքում գնահատելու են իրական, իրատեսական, չափավոր և չափելի անելիքներն ու ճանապարհները, ոչ թե այն սրտաճմլիկ ու ամպագորգոռ բարբաջանքը, որ լսել ենք հաճախ, որպես վարագույր կամ շպար իշխանություն պահելու կամ ստանալու լայնածավալ գործողությունների»: