Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ռուս-թուրքական համատեղ գործողություններն ու անմարդկային ջարդերն այլևս կասկածի տեղիք չէին թողնում, որ ռուսական խոստումները կեղծ են». պատմաբանը հիշեցնում է

«Ռուս-թուրքական համատեղ գործողություններն ու անմարդկային ջարդերն այլևս կասկածի տեղիք չէին թողնում, որ ռուսական խոստումները կեղծ են». պատմաբանը հիշեցնում է
281
Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 01:48

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
1920թ․ հուլիսի վերջին ռուսական կարմիր բանակի զորամասերի կողմից գրեթե ամբողջությամբ գրավված էր Արցախը, Սյունիքն ու Նախիջևանը։ Կապարգողթի առանձին հատվածներում ռուս-ադրբեջանական զորամասերի դեմ շարունակում էին առյուծաբար մարտնչել Նժդեհի փոքրաթիվ ուժերը։ Դարալագյազ քաշված Դրոյի զորամասը պատրաստվում էր հակահարձակման անցնել և ռուսներից ազատագրել Սիսիանն ու Գորիսը, ինչը հաջողությամբ իրականացվեց օգոստոսի 2-ին․․․
Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիան ու հայկական երկրամասերի բռնազավթումը Մոսկվան փորձում էր հիմնավորել հայ-թաթարական բախումները կանխելու պատճառաբանությամբ։ Առաջին ժամերին ռուսական գրավման գոտում հայտնված հայ բնակչությունը չէր հասկանում, թե որն է ռուսների վերադարձի իրական նպատակը, սակայն Խալիլ փաշայի ու այլ ջարդարարների հետ ռուս-թուրքական համատեղ գործողություններն ու անմարդկային ջարդերն այլևս կասկածի տեղիք չէին թողնում, որ ռուսական խոստումները կեղծ են, ներկայությունը՝ թշնամական։
ՀՀ բռնազավթված տարածքներում ծայր առած սոսկալի բռնություններն ու սպանությունները, բնակավայրերի ավերածությունները, թալանն ու տնտեսական քայքայումը, մարդկանց առևանգումները, ջարդերն ու աքսորը դարձել էին սովորական երևույթ։
Հայ մտավորականության ու զինվորականության լավագույն ներկայացուցիչներին հազարներով ձերբակալում ու տեղափոխում էին Գյանջայի, Շուշիի ու Բաքվի բանտերը, ուր նրանք ենթարկվում էին աննկարագրելի խոշտանգումների ու նվաստացումների։ Հարյուրավոր հայ սպաներ, զինվորներ, բժիշկներ, պետական ծառայողներ, մարտերին չմասնակցած անմեղ գյուղացիներ ու երեխաներ առանց դատ ու դատաստանի գնդակահարվում էին։ Շատերին ստիպում էին մտնել ադրբեջանական զորամասերի մեջ ու կռվել Հայաստանի Հանրապետության դեմ։
1920թ․ օգոստոսի 8-ին Խորհրդային Ադրբեջանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Մ․ Հարությունյանը անձնական նախաձեռնությամբ տեսակցություն է ունենում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն․ Նարիմանովի հետ, խնդրում պարզաբանել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված մի շարք խնդիրներ, հայկական տարածքներում ռուս-ադրբեջանական բռնությունների ու բարբարոսությունների պատճառները, սակայն ոչ մի հարցում պարզաբանում չի ստանում։
Հայ դիվանագետը խնդրում է գոնե թույլ տալ այցելելու Բաքվի բանտերը լցված հայ գերիներին, սակայն Նարիմանովը դա էլ է մերժում։ Հարությունյանի զարմանքին ի պատասխան՝ Ադրբեջանի ղեկավարն ասում է․ «Զարմացեք միայն այն բանի վրա, որ հիմա նստած եք իմ աշխատասենյակում»»: