«Որոշ շրջանակներ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել». Փույա Հոսսեինի
202
Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 15:40
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շրջանակներ կան, որ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել Շրջանակներ կան, որ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել: Այդ շրջանակների համար ոչ ժամանակն է կարևոր, ոչ առիթը: Երբեք ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ երկու հարևան և բարեկամ երկրների հարաբերությունները վնասելու համար: Իրենց համար ոչ մի բան նշանակություն չունի, նույնիսկ եթե վնասվում են իրենց սեփական երկրի շահերը: Ճի՛շտ է, որ հայ զինվորի կյանքի մասին խոսելու և հետաքրքրվելու համար ժամանակ գոյություն չունի: Դա շատ զգայուն թեմա է, որի հետ պետք է նուրբ և զգույշ վարվել: Ես անձամբ ամիսներ առաջ, երբ նման բանի մասին լսեցի, Իրանում տարբեր խողովակներով հետաքրքրվեցի՝ տղաների Իրանում հնարավոր գտնվելու լուրի վերաբերյալ: Սակայն անարդյունք էր: Ինչքան օրեր երանի էի տալիս, որ այդ լուրը ճիշտ լինի, որ տղաները ողջ-առողջ գտնվեն, որ ոչ թե Ադրբեջանում լինեն, այլ՝ Իրանում, որովհետև համոզված եմ, որ եթե Իրանում լինեն, ապա իրենց ոչ մի վտանգ չի սպառնում: Եվ իրենց հետ մինչև վերադարձ ամեն ինչ կարգին կլիներ: Ճիշտ այսպես կլիներ, որ եթե ինչ-որ լուր կամ կասկածներ կային, ապա լուռ հետևեինք և հետևողականորեն փնտրեինք նրանց: Հիմա որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ի՛նչ է կատարվում հարյուրավոր անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ, ի՛նչ հոգեվիճակում են նրանք հայտնվում՝ ամեն անգամ նման լուրեր լսելիս: Հիմա հարյուրավոր ընտանիքներ մտածում են, որ մեր տղան կարող է այդ 160 զինվորների մեջ լինել: Արդյոք պատկերացնո՞ւմ եք նրանց ապրումները: Ինչո՞ւ այսքան ամիսների ընթացքում չէ՛ին անդրադառնում այդ թեմային, եթե ուզում էին անդրադառնալ: Իմ մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց ա՛յս ժամանակահատվածում, երբ Իրանը բազմապատկել է իր աջակցությունը Հայաստանի տնտեսության և անվտանգության ուղղությամբ, և աշխատում է Հայաստանին ներգրավվել միջազգային մեգա-նախագծերի մեջ, ինչը կտրուկ և ամբողջական կփոխի Հայաստանի վիճակը, երբ որ թշնամին սահմանում և սահմանից ներս սադրում է նոր պատերազմ, ինչո՞ւ հատկապես հիմա…, չարաշահելով անհայտ կորած զինվորների ընտանիքների զգացումները, արդար կասկածները, մտահոգությունները, ինչո՞ւ լրատվամիջոցի «աղբյուրը» երկու ամիս առաջ նման բանի մասին չէր հայտարարում…: Ընտրված ժամանակից բացի, այդ լուրի ճշմարտություն կամ սխալ լինելու առումով, հետաքրքիր է լրատվամիջոցի տեքստի բովանդակությունը…: Այն, որ իբրև թե «Իրանը օրինակ է վերցրել Ադրբեջանից՝ գերիների փոխարեն ինչ-որ նախապայմաններ է ներկայացնում»: Իրանը ի՞նչ նախապայման կամ պահանջ պետք է դնի … Նման որակումները, ապատեղեկատվությունները հրապարակելը ակնհայտ փորձ է և միտում է՝ հայ հանրության մեջ այդ զգայուն թեմայով հակաիրանական տրամադրություններ ստեղծելու: Հիմա անդրադառնանք ավելի կարևոր հարցի. հանրության մեջ հակաիրանական տրամադրությունների բարձրացումը և հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնելը այս ժամանակահատվածում, երբ Հայաստանի անվտանգությունը վտանգված է, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել և ովքե՞ր են դրա շահառուները… Անհայտ կորածների և գերիների հարցերը առաջնային կարևորություն ունեցող հարցեր են, որոնք հրատապ են: Բայց չարաշահել այդ թեմաները և խաղալ անհայտ կորածների ընտանիքների զգացումների հետ՝ անընդունելի է: Ես ուզում եմ լավատես լինել, որ այդ լրատվամիջոցի հիշյալ քայլի մեջ միտում չկա, և որ դա անզգուշության արդյունք է: Երանի՜ տղաների Իրանում գտնվելը ճիշտ լիներ…, ինչը, ցավոք, հերքվեց Իրանի կողմից: Իմ խորին համոզմամբ, նման դեպքում տղաներն Իրանից Հայաստան կվերադառնային առանց նախապայմանների:
Ի լուր աշխարհի. հայ-իրանական հարաբերությունները օր-օրի զարգացում կապրեն՝ ի շահ մեր երկու երկրներ ու ժողովուրդների, և մենք թույլ չենք տա, որ որևէ բան խանգարի դրան»: