Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ի՞նչ սրտով և խղճով եք ընտրապայքար մղելու, երբ Հայաստանը մասնատվում է». Նարինե Մկրտչյան

«Ի՞նչ սրտով և խղճով եք ընտրապայքար մղելու, երբ Հայաստանը մասնատվում է». Նարինե Մկրտչյան
274
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 16:25

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ հասկանում այն կուսակցություններին, անհատներին, դաշինքներին, որոնք հայ ժողովրդի գոյաբանական վտանգի ահասարսուռ այս օրերին գրասենյակներում ու սրճարաններում նստած, համամասնական ցուցակներ են գրում-ջնջում:

Ես միշտ կողմնակից են եղել իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, դրա անհնարինության դեպքում՝ հեղափոխությամբ, սակայն այժմ, այս բարդագույն իրավիճակում, երբ Հայաստանի ֆիզիկական սահմանների և տարածքային ամբողջականության պահպանման հարցն է ծառացել ողջ սրությամբ, հայ ժողովուրդն իր էներգիան չի՛ կարող ծախսել այն ընտրությունների վրա, որոնք Հայաստանին ո՛չ քաղաքական փոփոխություններ չեն բերելու, ո՛չ ՀՀ ինքնիշխանության վերականգման և տարածքային ամբողջականության պահպանման խնդիրներն են լուծելու, ո՛չ էլ Հայաստանի դիրքերն են ամրապնդելու արտաքին աշխարհում:

Բացի այդ: Հայաստանյան բոլոր քաղաքական ինստիտուտները տարիներ շարունակ ոչնչացվել են, իսկ Նիկոլ Փաշինյանը գնդացրային համազարկով քարուքանդ արեց անգամ դրանց բեկորները:

Եթե Հայաստանում մարդկանց որոշակի քանակ գումար է աշխատում տարբեր ընտրաշտաբներում, մի հատված էլ գումար է տալիս՝ ընտրացուցակներում տեղ զբաղեցնելու համար, բայց մենք հո նրանց գերի՞ն չենք, որ նրանց մանդատների հարցը լուծենք ի հաշիվ հայոց պետականության:

Չընկալել այս ակնհայտ իրողությունները՝ նշանակում է թույլ տալ, որ ներկա արհավիրքը շարունակի ավերել Հայաստանը:

Ի՞նչ անել. կհարցնեք դուք.

- հետաձգել ընտրությունները,

- Փաշինյանին հրաժարական պարտադրել համազգայի՛ն դիմադրությամբ,

- նախընտրական ողջ ներուժն ու միջոցները կենտրոնացնել այդ դիմադրությունը կազմակերպելու վրա,

- անառիկ պահել մեր սահմանները և ներքաղաքական ընդվզման օրերին թույլ չտալ բազմագույն թշնամիների ներխուժումը Հայաստան:

Կուսակցությունների պատասխանատվությունը մեծ է, սակայն ամենամեծը հանրությա՛ն պատասխանատվությունն է:

Եթե գործող Ազգային ժողովը ՀՀ ողբերգական ներկան է, ապա ձևավորվելիք խորհրդարանն էլ Հայաստանի հուսալի ապագան չէ հաստատապես:

Չընկալել Հայաստանի ներկա աղետալի իրավիճակը՝ նշանակում է դառնալ այդ իրավիճակի խորացման ակամա մասնակիցը:

Ի՞նչ սրտով և խղճով եք ընտրապայքար մղելու, երբ Հայաստանը մասնատվում է»: