Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի գործի մասին

ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի գործի մասին
882
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 11:30

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում՝ նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին՝ քննարկման նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին: