ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար
![]() 187 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 23:49 Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում՝ Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում՝ առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն։ Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է. 1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների՝ կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար, 2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը՝ աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին, 3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, 4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը, 5. Ներդրումներ կանաչ Երևանի համար՝ էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:
Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է», - փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով՝ այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին՝ Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ՝ Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը: Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք: Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: «Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում՝ Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր՝ Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը: Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը: «Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, մանրամասնելով. «ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ՝ ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում»: Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: «Հատկապես Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի», - նշում է զեկույցը, փաստելով, որ մարզը առանց այդ էլ տևական ժամանակ խնդիրներ է ունեցել ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք օթևանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն: «Հիմնվելով հյուսիսային մարզերի օրինակի և տեղում առկա կարքիների վրա՝ Եվրամիությունը ներդրումներ կանի Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ամրապնդելու համար: Առաջնային ոլորտները կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին»: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն: Վերջին՝ հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես կանաչ Երևանին: «Մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, հավելելով՝ Եվրամիությունը պատարաստ է ներդրումներ անել «խելացի քաղաք» փաթեթի իրագործման համար: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը: Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում՝ Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս նպատակների իրագործման համար կտրամադրվի մինչև120 միլիոն եվրո: Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է՝ երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցել Հարավային Կովկասի ետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում՝ պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը: Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին՝ Եվրամիության 28 երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում: «Մենք ուզում ենք կազմել մի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին և հնարավորություններին, միաժամանակ կենսունակ կլինի նաև ապագայում», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, հավելելով. «Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում շարունակելու է մնալ աջակցությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, որոնք այնքան կարևոր են մեր համագործակցության ընթացքում դրական, կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
