Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Թշնամին հետևողականորեն մաքրում է Շուշիից հայկական հետքը». Ալվինա Աղաբաբյան

«Թշնամին հետևողականորեն մաքրում է Շուշիից հայկական հետքը». Ալվինա Աղաբաբյան
172
Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 15:36

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Շուշին նվեր ստանալուց հետո թշնամին անթաքույց, հետևողականորեն և մեծագույն հաճույքով մաքրում է քաղաքից հայկական հետքը։ Ադրբեջանական վանդալիզմի զոհ են դառնում հայկական բոլոր հուշարձանները, հոգևոր կառույցները՝ հատկապես։

Կանաչ ժամն այլևս չկա։

Ղազանչեցոց եկեղեցուց միլիմետր առ միլիմետր մաքրվում է հայկականությունը։

Եվ սա «քաղաքակիթ» կոչվող աշխարհի առաջ, տարիներ շարունակ հայերից շատերի համար հեշտանքի հասցնող տռփանքի օբյեկտ քրիստոնյա արևմուտքի քար լռության ներքո։

Այնպես չէ, որ սա նոր է թուրքի համար։ Թուրքը դարեր շարունակ վերացրել է հայկական ժառանգությունը ողջ Հայկական լեռնաշխարհում, բայց դա երբեմն արել է քողարկված, երբեմն «գործի» մի մասը «վստահել է» ժամանակին։ Իսկ Ադրբեջանը՝ որպես ժամանակային առումով թուրքական նոր գոյացություն, որպես ինքնահաստատման խնդիր ունեցող և որևէ տիպի սահմաններ չճանաչող «ջահել», իր ամբողջ ագրեսիվությամբ ու լկտիությամբ լծվել է այդ գործին և ոչ միայն Շուշիում։

Արցախ աշխարհում մեր եկեղեցիները նորից խաչազարդ կդառնան, մեր մեծերի արձանները կրկին կխոսեն մեզ հետ, դա անկասկած, բայց դրան հասնելու համար Հայաստան պետություն կոչվող հայկական նախագիծը պիտի հայի ձեռքում լինի՝ պաշտպանված հզոր բանակով և լի շատ, շատ, շատ հայ մանուկներով»։