«Թալիբանը սպառնալիք է միջազգային հանրությանն ու Հայաստանին». Արթուր Սաքունց
344
Երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ., 16:12
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Թալիբանը սպառնալիք է միջազգային հանրությանը և, իհարկե, Հայաստանին: Քանի որ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչեցվում Աֆղանստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին, ներկայացնեմ մի քանի դիտարկում: Բայդենի որոշումը՝ հանելու ԱՄՆ զորքերը Աֆղանստանից, որոնք ժամանակին ուղարկվել էին հենց միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ թալիբանի կառավարմանը վերջ տալու և սաստելու նպատակով, ըստ էության, հանդիսացավ տխրահռչակ Թրամփի վարչակազմի քաղաքականության շարունակությունը: Հանել զորքերը, քաջ գիտակցելով, որ Աֆղանստանի գործող կառավարությունը չի կարողանալու դիմագրավել Թալիբանի հրոսակախմբերին, բացարձակ անպատասխանատու վերաբերմունք է մարդկանց, նույն աֆղանացիների հանդեպ, որոնք անխուսափելիորեն կդառնան թալիբանի ահաբեկչական կառավարման զոհերը՝ հատկապես կանայք, երեխաները: Պատճառները, թե ինչու հիմա որոշվեց հանել զորքերը, որոնք հիմնական զսպող միջոցն էին Թալիբանի ծավալման դեմ հայտնի չէ՝ ֆինանսական, մարդկային, թե այլ չգիտեմ: Բայց, որ ավելի մեծ ջանքեր անհրաժեշտ կլինի գործադրել Աֆղանստանում իշխանությունը Թալիբանի կողմից վերցնելուց հետո անխուսափելի ահաբեկչական տարաբնույթ գործողությունները, թմրաբիզնեսին, մարդկանց առևանգումներին, հարևան պետություններ և տարածաշրջաններ հնարավոր թափանցումները, ներխուժումները, հարձակումները հակադարձելու, կասեցնելու նպատակով, անկասկած է: Առավել կարևոր փաստը. միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները ցույց տվեցին իրենց անարդյունավետությունն ու անկարողությունը համատեղելու ջանքերը, դիմագրավելու համար մարդկային քաղաքակրթության գոյության այնպիսի սպառնալիքներին, ինչպիսին է միջազգային ահաբեկչությունը, որը քայքայիչ ազդեցություն կունենա միջազգային իրավունքի, մարդու անվտանգության և իրավունքների և նրանց երաշխավորող ինստիտուտների վրա: Մենք դա տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում և հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Սա մեծ հնարավոր աղետի նախադրյալներն են, որոնց հանդեպ անտարբերությունը, անկարողության դրսևորումը կհանգեցնի ավելի մեծ աղետների: Հայաստանն արդեն իսկ առնչվել է աֆղանական գործոնների հետ, դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, հեռու չի կարող մնալ նաև հիմա: Իսկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը ցնցվում է, լուրջ և ամենօրյա քրտնաջան աշխատանք, վերլուծություն պետք է արվի, դիվանագիտական լարված աշխատանք պետք է տանել՝ միջազգային զարգացման միտումները հասկանալու, խոշոր խաղացողների մոտեցումները իմանալու, Հայաստանի անվտանգության համակարգերը վերակառուցելու համար: Մենք առավել քան պետք է տեղեկացված և նաև ներգրավված լինենք այդ գործընթացներում, ռիսկերը գնահատելու, վնասները նվազեցնելու, ի վերջո մարտահրավերները կանխատեսելու ու դիմագրավելու նպատակով: Մեկուսացված լինելը, կամ բախտի կամ միայն մեկ պետության հույսին կամ քմահաճույքին մնալը անթույլատրելի է»: