«Գիտելիքի սովն այնքան զգալի է, որ մարդիկ դիմում են «փոխարինիչների»»․ Վարդ Սիմոնյան
341
Չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ., 14:06
Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը․ «Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը ...երեխաներով լցված ֆեյսբուքն ինչ լավն է. անգամ պաշտոնյաների ճռճռան շնորհավորանքները չեն կարող խաթարել այս հրաշքը, բայց ինչպե՜ս են ջանում...Սեպտեմբերի 1-ն իմ նոր տարին է․ այսօրն անգամ ֆեյսբուքի լրահոսն եմ սիրում՝ երբ պես-պես երեխաների լույս պատկերներն են կախվում պատերից։ Իսկական հրավառություն է։ Բայց արժե հոբելյանի առթիվ, տարին գոնե մեկ անգամ խոսել գիտելիքի մասին.մանավանդ որ, այն նոր էլեկտրոնային հանրությունը հակված է վերջնականապես լղոզել տեղեկատվության հետ։ Տեղեկատվությունը, ինչպես ասում են այսօր «շան ոտի հետ գնում է», իսկ ահա գիտելիքի սովն այնքան զգալի է, որ մարդիկ դիմում են արդեն «փոխարինիչների»։ Օրիգինալում այն տեղեկատվությունը քննող գոյություն է, որը ինչ, որտեղ, երբ հարցերով բավարարող տեղեկատվական հոսքը բարձրացնում է գիտակցական նոր մակարդակի և ստեղծում ապագայի տեքստեր, ցույց տալով՝ ժամանակի մեջ այդ հոսքերի «գլխի գալիքը»։ Գիտելիքի տերը մարդկության ամբողջական կենսափորձի վրա իր սեփական տեքստը ստեղծող մեկն է և կոռեկտ չէ, նրան շփոթել ասենք, Գուգլից տաք–տաք քաշած տեղեկատվություն կրողի հետ։ Օրինակ, աշխարհի ամենագրավիչ գործատու հռչակված նույն Google ընկերությունը բոլոր աշխատանք փնտրողներին պարտադիր տալիս է այս հարցը. Ձեզ փոքրացրել են 100 անգամ և քիչ հետո ձեզ վրա կհարձակվի էլեկտրական հարիչը. ի՞նչ անել: Անհեթեթ թվացող այս հարցադրումը հունից հանում է միլիոնավոր մարդկանց, բայց միայն պահանջվող գիտելիք ունեցողները գիտեն, որ այն իրականում, գործազուրկի հոգեկան աշխարհի յուրօրինակ խուզարկություն է: Կամ ինչու հեռուն գնալ, երբ նոր ուսումնական տարվա համատեքստում մնալով էլ կարելի է սեփական դարդերը լացել. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալով, Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը 43 տոկոս է. Համաշխարհային բանկն ավելին է արձանագրել՝ 58 տոկոս: Միջինացված ցուցանիշով՝ երկուսից մեկն անգործ է, իսկ աշխատող երիտասարդների միայն 25 տոկոսն է գործ գտել իր մասնագիտությամբ:Ահա ես ձեզ շատ դաժան, բայց այնուամենայնիվ, տեղեկատվություն փոխանցեցի։ Այն քաղաքակրթական տարածքներում, ուր «զոռը տալիս են» ոչ թե ասենք թափառիկ բանահյուսությանն, այլ՝ գիտելիքի ուժին, արդյունքները, բնականաբար, այլ են լինում. վերջերս պաշտոնական Բրյուսելը ԵՄ-ին ներկայացրեց նոր փաթեթ, որով անդամ երկրների կառավարություններին պարտավորեցնում է մինչև 25 տարեկան բոլոր երիտասարդներին ապահովել երաշխավորված աշխատանքով: Գիտելիք ունեցողը կարող է հաշվել, որ երիտասարդներին թողնել դրսում, կնշանակի փողոց նետել ամենամեծ կապիտալը, այն ծանր հրետանին, որը վաղն իր թաքստոցներից կրակելու է պետության վրա թմրադեղերից մթագնած ուղեղով, իր չծնած երեխաներով, գործած հանցագործություններով, քայքայված առողջությամբ, դժգոհության բարձր ինդեքսով: Խավարի հետ կռիվ տվող ամեն ձայն վայրահաչ է. խավարը միայն լույսն է ցրում: Վառիր լույսը և խավարասերները կանհետանան: Իսկ եթե լույսը չես տեսնում, ուրեմն հաստատ, արթուն չես: Խավարը ծավալվում է դատարկության մեջ, այնտեղ, ուր քնել է միտքն ու դիմադրությունը, ուր մարդիկ գիտելիքի փոխարեն հավատալիքներ են փնտրում և չեն դադարում տրվել մաուզերիստ գլխակերների «ազգափրկիչ» բարբաջանքին: Երկրի վրա և մեկ մարդու շուրջ այնքան լույս կա, որքան ինքն է արձակել: Ահա այսպես խավարն անիծողների զրույցն ավելի առարկայական է դառնում: Մի վերջին հաշվով՝ խավարը պատրանք է, խավար չկա, կա ստվեր, որը խանգարում է լույսի անդրադարձին: Ուրեմն՝ մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը․․․»։