«Արհավիրքները 21-րդ դարը տանում են ստրկատիրական նոր հասարակարգի վերականգնման». Ռոբերտ Մաթոսյան
864
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 02:06
Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՏՈՐՈՒՄ՝ ՕՐՎԱ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ... 21-րդ դարի այս արհավիքները՝ գլոբալիզացիա, լոկալ պատերազմներ, քովիդ 19-ը, ազգային արժեքների ոչնչացում, ընտանիքի քայքայում, արհեստական ինտելեկտ, մոլորակի տաքացում, տոտալիտար վախի ներարկում և բազմաթիվ այլ գործոններ, մարդկությանը նպատակասլաց ու արագացված տեմպերով 21-րդ դարը տանում են ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ: Ի տարբերություն,մեր թվագրոււթյունից առաջվա ստրկատիրական կարգի տերերի, արդի 21-րդ դարերի ստրկատերերը դառնում են բանկերն ու բանկիրները, ովքեր էլ կղեկավարեն մոլորակը...Եթե... չեն ղեկավարում: Արդեն ամեն ինչ պարզ ուրվագծվում է: Թե որքա՞ն ժամանակով, չեմ կարող ասել: Սակայն... որ կռիվ տալ է պետք, ու մեկ օրով անգամ, արհավիրքը հետաձգել, կարող եմ ասել... Սա էր օրվա առիթով լուսաբացի իմ մտորումը: ՓՈՔՐ ՄԻ ՀԱՏՎԱԾ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԻՆՈՌԵՊՈՐՏՅՈՐ»՝ ՎԵՐՋԵՐՍ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ԳՐՔԻՑ Ամերիկան չսիրողներից շատերին գիտեմ, ովքեր տարբեր պատճառաբանություններ ունեն։ Իմ չսիրելը տարօրինակ մի դիպվածի հետ է կապված։ Ինչպես գիտեք, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ամերիկան մեր, այսինքն՝ ԽՍՀՄ-ի, բնականաբար՝ նաև Հայաստանի դաշնակիցն է եղել։ Պատերազմից հետո ամերիկացիներն իմ ծննդավայր Սպիտակավանում փոքր երեխաների անվամբ ամեն մեկին մի 8-10 մետր նախշուն, չալպուտուրիկ, հասարակ չիթ (կտոր) են բաժանել։ Սակայն՝ միայն երեք ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների մայրերի համար։ Կարճ ասած՝ նորածինների մայրերին, այսպես կոչված այդ չիթը հասու չի եղել։ Գալուստ պապս, էս ամերիկացու հետ եկած հային խնդրում է, թե ի՞նչ տարբերություն՝ նորածի՞ն է, թե՞ մեկ տարեկան, ծնող մայրը մնում է մայր։ Եվ ամերիկացուն խնդրում է՝ արի քարը փեշիցդ թափի, մեր նորածնի, այսինքն՝ իմ անունն էլ ցուցակում գրի։ Էս ամերիկացին անդրդվելի է մնում, ասելով՝ նո...նո... Պապս էլ, խորհուրդ հարցնելու համար, գնում է Սպիտակավանի զագսի վարիչի մոտ, բացատրում եղելությունը։ Մի փոքրիկ Սպիտակավան, բոլորն իրար ճանաչող մարդիկ, ազգ ու բարեկամ։ Էս զագսի վարիչն ուշադիր լսում է պապիս և ասում․ «Այ վառվի էդ ամերիկացին, մի քանի մետր չիթ է տալիս, բոլորիս կրակի մեջ է գցել։ Գալուստ եղբա՜յր, մենակ հո դո՞ւ չես, շատերն են քո նման»։ Ու մեր զագսի վարիչը բռնում՝ ծննդյան էնպիսի վկայական է տալիս, որտեղ ծննդյան օրս՝ նեյեմբերի 11-ը ուղղակի չի նշվում։ Դե արի ու գլուխ հանի: Եվ ամերիկյան այդ չալպուտուրկ չթից մորս ու հորաքույրերիս համար երկար զգեստ են կարում և որպես պատմական փաստ՝ նույնիսկ միասին լուսանկարվում: Ու այսպես, ամբողջ կյանքում ծննդյան օրս, իմ նման շատ-շատերի պես, խառնաշփոթ էր։ Մի քանի մետր կտորի համար խճճել, դեռ քիչ է՝ մեկ տարով մեծացրել էին, և որ ամենակարևորն է, ծննդյան օրը նշելու խորհրդից էինք զրկվել... Հիմա սխալը մեր զագսի վարիչինն է, թե ամերիկացունը, չգիտեմ։ Մի անգամ, երբ այս մասին ակնարկեցի պապիս, ասաց՝ իհարկե, ամերիկացունը։ -Ինչու՞- հարցրեցի ես: -Որովհետև,- ասաց պապաս,- Էն խեղճ Վիլսոնի ծրագրին մինչև վերջ Ամերիկան տեր չկանգնեց, կիսատ թողեց... Մտքումս մտածեցի, թե ինչ կապ ունեն, իմ ծննդյան օրը, մի քանի մետր չթի կտորն ու Վիլսոնի ծրագիրը։ Հետագայում, երբ ինձ համար պարզեցի, թե դա ի՞նչ ծրագիր է, էդ օրվանից ես նույնպես Ամերիկան «չսիրեցի»: Եվ ոչ միայն՝ Ամերիկան»:
Ռոբերտ Մաթոսյան, «Մասնագիտությունը՝ կինոռեպորտյոր»