Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Երևան-Ստամբուլ չվերթների մասին»․ թուրքագետ

«Երևան-Ստամբուլ չվերթների մասին»․ թուրքագետ
257
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 23:12

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկա փուլի մեկնարկի առաջին օրվանից թուրքական կողմը (թե՛ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ թուրքական և ադրբեջանական մեդիան) պարբերաբար խոսում է Երևանի և Ստամբուլի միջև օդային կապ հաստատելու մասին։ Ընդ որում, եթե ուշադրությամբ հետևենք այն կոնտեքստին, որում արվում են նշյալ հայտարարությունները, ապա կնկատենք, որ Երևան-Ստամբուլ չվերթները ներկայացվում են որպես ոչ միայն հայ-թուրքական «բարեկամությանն» ու «խաղաղությանն» ուղղված թուրքական քայլ, այլ որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի կողմից մեր հանդեպ։ Օրինաչափորեն, չվերթների մասին լուրը նմանատիպ ոճով են մատուցում նաև ՀՀ դե ֆակտո իշխանություններն ու նրանց ենթակա մեդիառեսուրսները։
Ու ցավոք, հենց դրա շուրջ են ծավալվում հայրենի քաղաքական գործընթացները՝ մտնելով տեղանունների ծագման և այլ անիմաստ քննարկումների մեջ։
Մինչդեռ չվերթների շուրջ իրականությունն ու դրանից բխող քաղաքական հարցերը, որոնք արժանի պետք է լինել մեր ուշադրությանը, հետևյալն են.
◾ Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել են կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական Atlas Global ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սննկացավ։ Այսինքն, այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես բարի կամք ու Հայաստանի հանդեպ արված զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների։ Ուստի դրա ներկայացումը ոչ թե նոր քայլ է թուրքական կողմից, այլ պարզապես նախկինում եղածի նոր փաթեթավորում։ Ավելին, սա խիստ շահավետ է թուրքական կողմի համար բիզնես տեսանկյունից (նրանք, ովքեր գիտեն Ստամբուլի օդանավակայանի տրանզիտային հավակնությունների մասին, կհասկանան ասածս)։
◾ Ավելին, ՀՀ դե ֆակտո իշխանություններն արդեն զիջում արել են՝ 2021թ. հոկտեմբերին բացելով Ադրբեջանի համար Սյունիքով օդային ճանապարհը, ըստ էության տրամադրելով օդային միջանցք։ Սկզբից դա փորձեցին կոծկել, ապա ավելի ուշ բացահայտեցին։
Անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանները փակ են և հարաբերություններ չկան, որովհետև Թուրքիան է որոշել Հայաստանին շրջափակել։ Կրկնում եմ, Թուրքիան, ո՛չ Հայաստանը։ Հետևաբար, առանց պայմանների բանակցությունների միակ օրակարգը պետք է և կարող է լինել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լիակատար վերացումը։ Դրա դիմաց Հայաստանը որևէ զիջում չունի անելու։ Սա է հարցի քաղաքական իմաստը։ Այլ քաղաքական հարց չկա և հենց սա պետք է դառնա Թուրքիայի հետ «խաղաղության օրակարգի» պատասխանատուներին ուղղված հարցերի առանցքը։
Նկարում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանն է, ուր հայտնվելու են մեր հայրենակիցները Ստամբուլ ժամանելիս։ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչուն էր, որին որդեգրել էր Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթյուրքը Հայոց ցեղասպանությունից հետո։ Ըստ տարածված վարկածի՝ Ստամբուլում 2007թ. այսօրը՝ հունվարի 19-ին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց այն պատճառով, որ դրանից առաջ «Ագոս» թերթում հրապարակել էր Սաբիհա Գյոքչենի (իսկական անունը՝ Հաթուն Սեբիլջիյան) հայկական ծագումը բացահայտող հոդված։ Այնպես որ, ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ»։