Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
46
Այսօր, 01:06

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՀՈՒՍԱՆՔ ՈՒ ՋԱՆԱՆՔ
Տասնամյակներ առաջ տասնամյակների տառապանքից մի թեզ էր ծնվել. «Ինչը որ պետական է՝ չի կարող արդյունավետ աշխատել»:
Բարեփոխումների խանդավառ հորձանուտում առանձնացավ մի ընտրյալ բազմություն, որն այդ դրոշի ներքո Հանրային կյանքում տապալեց պետական մենաշնորհը։
Եկել էր ժամանակը՝ մոռանալու մերժված ծայրահեղությունը ու ձևավորել նոր համակարգ, որտեղ պետական կառույցը կունենար արդյունավետ կառավարելու մենաշնորհ։
Իրականում տեղի ունեցավ հակառակ ծայրահեղությունը.
հաղթանակած իշխանությունում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց առաքելությունն ավարտած թեզին շնորհեցին պետական քաղաքականության կարգավիճակ։
Մոռանալու փոխարեն նրանք այնքան ուժեղ կենտրոնացան այդ հիմարության աստիճան բացարձակեցրած թեզի վրա, որ այն ապացուցելու համար ջանք չխնայելով՝ պատմականորեն անհնարին համաշխարհային ռեկորդներ սահմանեցին։
Համամարդկային մակընթացության փուլում մարդկային այդ տեսակի բացառիկ ընտրյալները իրենց հետևից հավատով գնացող զանգվածներին առաջնորդեցին դեպի իններորդ ալիքի գագաթը։
Իսկ երբ սկսվեց տեղատվությունը, նրանք նույն անկեղծ եռանդով պետական համակարգը վերածեցին արյուն - քրտինքով վաստակածն անդունդը գլորելու կատարյալ գործիքի։
Պատմագիտությունն, իհարկե, պոստ ֆակտում կարևորում է, թե արդյո՞ք այդ սխրանքները որքանով են ներքին մղումներով կամ էլ արտաքին ուղղորդմամբ իրականացվել։ Փորձում է տարանջատել ու գնահատել անհատի, միջավայրի ու զանգվածների դերերն առանձին-առանձին։
Սակայն պատմական փորձը նաև ապացուցում է, որ առանց համընդհանուր, զանգվածային նվիրվածության թե՛ մեկը, ու թե՛ մյուսը իրականացնել հնարավոր չէր լինի։
Մնում է հուսալ, որ ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով ու թույլտվությամբ։
Հուսալ ու ջանալ …
Հուսալ, բայց նաև ջանալ, քանի որ կամքի ու թույլտվության խորհրդում է ամփոփված չարի ու բարու տարափոփոխ հաղթանակների գաղտնիքը։
Այսօր Հայաստանում առավոտ է, 2026 թվականի սեպտեմբերի 8-ը։
Անցածն արդեն անցել է, իսկ գալիքը դեռ ճանապարհին է։
Կյանքը շարունակվում է…
Չի երևում թե երբ, բայց այս տեղատվությունն ավարտվելու է։
Պետք է հաջորդ մակընթացությունը դիմավորել հնարավորինս նվազագույն կորուստներով։
Իսկ դրա համար պետք է ազգովի կարողանալ զանազանել մնայունն ու հավերժականը անցողիկից ու ժամանակավորից»։

Աղբյուրը`   Հրանտ Խաչատրյան