«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՊԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ
Կյանքում լինում են ժամանակներ, երբ անցած ճանապարհին նայելուց հետո առավել կարևոր է դառնում ոչ միայն գնահատել անցյալը, այլև հասկանալ՝ ի՞նչ ես պատրաստվում անել վաղը, ի՞նչ արժեք ես պատրաստվում ստեղծել, ո՞ւմ և ինչպե՞ս ես պատրաստվում օգտակար լինել։ Այս ամենն ավելի ընդգծված է դառնում, երբ հաջորդում է երկարատև մեկուսացված լինելու կյանքիդ շրջանին։
Ես իմ առաջիկա ճանապարհը տեսնում եմ Պայքարը շարունակելու ադրբեջանական բանտերում գտնվող հայ գերիների խնդիրն ուժերիս ներածին չափ բարձրաձայնելու, ռեժիմի բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալների իրավունքների և ազատ արձակմանն ուղված քայլերի, թոշակառուների և երիտասարդության կողքին լինելու, ինչպես նաև աշխատանքի, ստեղծելու մեջ։
Առջևում շատ անելիքներ կան։
Ինձ համար առաջնային է եղել և շարունակելու է մնալ մեր ազգային արժեքների, ինքնության, լեզվի, մշակույթի ու պատմական հիշողության պաշտպանությունը։ Ազգայինը ինձ համար միայն անցյալի մասին խոսելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է ապագայի հանդեպ՝ ինչ երկիր, ինչ հասարակություն և ինչ արժեքներ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։
Այդ արժեքային համակարգում իր առանձնահատուկ և անփոխարինելի տեղն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Դարերի ընթացքում Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի համար եղել է ոչ միայն հավատքի տուն, այլև ազգային ինքնության, մշակույթի, կրթության ու պատմական հիշողության պահպանման կարևորագույն հաստատություններից մեկը։ Պետականություն չունեցած ժամանակներում անգամ այն իր վրա է վերցրել մեր ժողովրդի հոգևոր և ազգային ժառանգության պահպանման հսկայական պատասխանատվությունը։ Եվ այդ առաքելությունը միայն պատմություն չէ։
Այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է կանգնել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների կողքին՝ առանձնահատուկ հետևողականությամբ բարձրաձայնելով արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենի օջախներ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի հարցը։ Այս իմաստով Հայոց Եկեղեցին շարունակում է մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության և վերադարձի պահանջի կարևորագույն ջատագովներից ու հենասյուներից մեկը։ Ինձ համար սա սկզբունքային հարց է։ Արցախի և արցախահայության խնդիրը չի կարող փակված համարվել միայն այն պատճառով, որ այսօր ստեղծվել է ծանրագույն իրականություն։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների, պատմական ու հոգևոր ժառանգության պահպանման և վերադարձի իրավունքի իրացմանը միտված քայլերը և պայքարը պետք է շարունակվի։ Հետևաբար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունն ինձ համար միայն կրոնական հարց չէ։ Այն մեր ազգային ինքնության, պատմական ժառանգության, ժողովրդի հոգևոր միասնության և մեր ազգային իրավունքների պաշտպանության հարց է։ Հայ մնալու, Հայաստանի մնալու, լինելիության հարց է։ Այս հարցում իմ դիրքորոշումը հստակ է․ ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, պաշտպանել նրա արժանապատվությունը, իրավունքներն ու անկախությունը և հակազդել այն փորձերին, որոնք ուղղված կլինեն Եկեղեցու հեղինակազրկմանը, թուլացմանը կամ մեր ազգային կյանքում նրա պատմական դերակատարության նսեմացմանը։ Այս հարցում իմ պատրաստակամությունն ու վճռականությունը չեն փոխվել և երբևիցե չեն փոխվելու։
Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, առաջին հերթին պետք է ունենանք մարդ, ընտանիք, երեխա և իր ապագան հայրենիքում տեսնող երիտասարդ։ Այդ պատճառով շարունակելու եմ հետևողականորեն բարձրաձայնել բազմազավակ ընտանիքների խնդիրները և պաշտպանել նրանց շահերը։ Պետությունը պետք է իրական հենարան լինի երեխա մեծացնող ընտանիքի համար։ Նույնքան կարևոր է արժանապատիվ ծերություն ապահովել մեր թոշակառուների համար և արժանի վերաբերմունք ու սոցիալական պայմաններ ստեղծել ուսուցչի համար, որովհետև հենց ուսուցչին ենք վստահում մեր երեխաների կրթությունն ու վաղվա Հայաստանը։ Կրթությունն ինձ համար լինելու է առանձնահատուկ ուղղություն։ Ես ուզում եմ, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր ընդունակ երիտասարդի՝ անկախ նրա ընտանիքի սոցիալական վիճակից։ Եվ շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարը, որ հայաստանյան ԲՈՒՀ-երում երիտասարդը պետք է անվճար սովորելու իրական հնարավորություն ունենա։ Բայց կրթությունը միայն դիպլոմ ստանալը չէ։ Երիտասարդը պետք է կարողանա սովորել, մասնագիտանալ, աշխատել, ստեղծագործել, սեփական գործը սկսել և ստիպված արտագաղթի ճանապարհը բռնելու փոխարեն՝ իր ընտանիքն ու ապագան կառուցել իր հայրենիքում։
Դրա համար մեզ անհրաժեշտ է արտադրող տնտեսություն։
Սկսելու եմ տնտեսական և արտադրական ծրագրեր կյանքի կոչել ու պաշտպանել Հայաստանում արտադրության զարգացման գաղափարը։ Իմ համոզմամբ՝ ուժեղ համայնքի և ուժեղ պետականության հիմքում աշխատող ու հավելյալ արժեք ստեղծող մարդն է։
Պետությունը չպետք է մարդուն միայն սոցիալական օգնություն առաջարկի։ Այն պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդը կարողանա սովորել, աշխատել, արտադրել, սեփական տնտեսությունն ու ձեռնարկությունը ստեղծել և իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
Այս համատեքստում շարունակելու եմ նաև «Նաիրիտի» վերագործարկման և ընդհանրապես հայկական քիմիական արդյունաբերության երբեմնի ներուժի վերականգնմանն ուղղված ջանքերս։
Հայաստանը ժամանակին ունեցել է հզոր արդյունաբերական ու գիտատեխնիկական ներուժ։ Ես հավատում եմ, որ մեր նպատակը պարզապես անցյալի փառքը հիշելը չպետք է լինի։ Պետք է փորձենք այդ փորձի, գիտելիքի և նոր տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծել ժամանակակից հայկական արդյունաբերություն։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնելու մեր գյուղերը։
Ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում մեծ ուշադրություն եմ դարձնելու Հայաստանի և Ջավախքի գյուղական բնակավայրերին։
Մեր բազմաթիվ գյուղեր այսօր կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ արտագաղթ, աշխատատեղերի պակաս, դատարկվող տներ, գյուղատնտեսության դժվարություններ, երիտասարդների հեռացում։
Այս խնդիրների մասին միայն խոսելը բավարար չէ։
Պետք է գյուղ առ գյուղ ուսումնասիրել իրական վիճակը, հասկանալ յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներն ու հնարավորությունները և դրանց հիման վրա առաջարկել գործնական լուծումներ։
Ուզում եմ աջակցել նոր գյուղացիական տնտեսությունների ստեղծմանը, իսկ արդեն գործող տնտեսություններին՝ դառնալու ավելի արդյունավետ, ժամանակակից և գիտելիքահեն։
Գյուղացին չպետք է միայն գոյատևի։ Նրա աշխատանքը պետք է եկամտաբեր լինի, իսկ գյուղում ապրելն ու աշխատելը՝ հեռանկարային։
Ուժեղ գյուղը միայն գյուղատնտեսության հարց չէ։ Ուժեղ գյուղը նաև ժողովրդագրություն է, սահմանների ամրություն, մշակույթ, ավանդույթ և պետականություն։
Բայց մեր առաջիկա անելիքները միայն սոցիալ-տնտեսական չեն։
Մենք դեռ մեծ աշխատանք ունենք անելու մեր պատմությունը պահպանելու, մշակույթը ներկայացնելու, մոռացվող բնակավայրերի, ընտանիքների և մարդկանց պատմությունները գրանցելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Որոշ գյուղեր դատարկվում են մեր աչքի առաջ։ Նրանց հետ երբեմն անհետանում են հարյուրավոր տարիների պատմություններ, տեղանուններ, ավանդույթներ ու մարդկային ճակատագրեր։ Այդ ամենը պետք է ուսումնասիրել, գրանցել և պահպանել։
Այս ամենը մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա աշխատանք չէ։
Եվ ես այսօր չեմ ուզում մեծ խոստումներ տալ։
Ուզում եմ այլ ճանապարհով գնալ՝ յուրաքանչյուր նախաձեռնություն քայլ առ քայլ ներկայացնել, բացատրել դրա նպատակը, առաջարկել լուծումներ, աշխատել դրանց իրականացման ուղղությամբ և հետո նույնքան հրապարակային խոսել նաև արդյունքների մասին։
Խոսքից հետո գործ է լինելու, իսկ գործից հետո՝ հաշվետվողականություն։
Անցած ճանապարհը մեզ փորձ է տվել։
Այդ փորձից պետք է վերցնել դասերը, ուղղել սխալները և շարունակել առաջ գնալ։
Առջևում նոր ճանապարհ է։
Ես ուզում եմ այն անցնել աշխատելով, ստեղծելով, պայքարելով այն արժեքների համար, որոնց հավատում եմ, և հնարավորության սահմաններում օգտակար լինել իմ ժողովրդին և իմ երկրին։
Հ․Գ․ Այս գրածիցս հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ես համակերպվել եմ ՔՊ-ի կողմից, իմ համոզմամբ, կեղծված ընտրությունների կամ իշխանության ուզուրպացմանաղետալի հանգամանքի հետ։ Ո՛չ։ Հազար անգամ ոչ, դատարանում բարձրաձայնված իմ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Միևնույն ժամանակ քաջ գիտակցում եմ, որ այդ խնդրի լուծումը մեկ մարդու ուժերից վեր է։ Ես այլևս չեմ ուզում տարիներ ու ուժեր վատնել այնպիսի պայքարի վրա, որտեղ իրական պայքարելու պատրաստակամություն և համախմբում չկա։ Եթե տեսնեմ մարդկանց և ուժերի, որոնք ոչ թե խոսքով, այլ իրականում պատրաստ են հետևողական ու պատասխանատու պայքարի, պատրաստ եմ նրանց հետ քննարկել նաև այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորությունը և ձգտել իրական արդյունքի»։

«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
3302:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
5201:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
6100:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
66Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
89Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
86Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
89Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
81Երեկ, 19:36