Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը»․ Ղազինյան

«Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը»․ Ղազինյան
1055
Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 20:42

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Ուկրաինան պարզ ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման:
Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանգությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական անվտանգությունն այլ պետության համար սպառնալիք առաջացնելու միջոցով:
8 տարի շարունակ տոտալ ռուսաֆոբիայի և ծայրահեղ ազգայնականության քարոզչության միջոցով Ռուսաստանի բարեկամ և ազգակից Ուկրաինան դարձավ ջիհադի գոտի կապած մահապարտ ահաբեկիչ, որի մեջքին կապած գոտու մեջ անընդհատ լցվում էին տարատեսակ զինատեսակներ:
Մահապարտ ահաբեկիչի կեցվածք որդեգրած Ուկրաինայի ինքնապայթելու հետևանքով կվերանար նախ Ուկրաինա պետությունը, իսկ պայթյունի ալիքը կկործաներ Ռուսաստանի արևմտյան հատվածի ամբողջ անվտանգային համակարգը:
Միջուկային զենք ձեռք բերելու Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը և գոյաբանական սպառնալիք դարձավ Ռուսաստանի և Բելառուսի համար՝ ջիհադի գոտու մեջ միջուկային զենք լցնելու անխուսափելի հեռանկարով:
«Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» պրոյեկտի հեղինակներին առանձնապես չի մտահոգում ոչ Ուկրաինա պետության, ոչ միլիոնավոր մարդկանց ճակատագիրը, նրանք թքած ունեն այս ամենի վրա. կարևորը Ռուսաստանին ներքաշեն եղբայրասպան պատերազմի մեջ և իրենց ձեռքերը տաքացնեն բոցավառվող տարածաշրջանի վրա:
Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով, ինչը պետք է ճանաչել, ընդունել և ՀԱՐԳԵԼ՝ անկախ ցանկացած բնույթի մարդասիրության և պացեֆիզմի գաղափարական օփիումի ծավալից:
Հ.Գ. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան