«Գործող իշխանությունը սա պետք է աներ, որը չարեց, ու հայտնվեցինք այս աղետի առաջ». Նորայր Նորիկյան
385
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 13:36
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Զինե՛ք ու վերակառուցե՛ք մեր բանակը, որ խաղաղ ապրենք... Արցախի հարցում ստեղծված կրախի հիմնական պատճառը նաև այն քաղաքական ռեժիմների և դրանց առաջնորդների գործունեության արդյունքն էր, որոնք տարիներ շարունակ խարխլեցին մեր ժողովրդի ու պետության քաղաքական ու բարոյական ներուժը, որոնք հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով մսխեցին Արցախի հարցում ձեռքբերված բոլոր հաջողությունները՝ այսօր Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին կանգնեցնելով համանախագահող երկրների «Ռացիոնալ ու հավասարակշռված» առաջարկների պատերի տակ: Երբ 2018թ. դեկտեմբեր ամսին Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ հայտարարեց, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը միասնական դիրքորոշմամբ Սերժ Սարգսյանից պահանջել են Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան, արդեն ակնհայտ էր, որ Ալիևից բացի, այդ տարածքները հայկական կողմից պահանջում էին նաև այլ պետություններ, այդ թվում նաև Ռուսաստանը... Նույն կարծիքը, փաստորեն, կիսում էին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ պատմությունից դասեր քաղելու ողջամտություն, ապագային նայելու, պատմության և սերունդների առջև պատասխանատվություն ունենալու շրջահայացություն, ժողովրդի հետ ազնիվ լինելու կարողություն, ամբողջ ժողովրդին կոնսոլիդացնելու ջանք ու եռանդ, խնդիրը կարգավորելու քաղաքական խիզախություն և միջազգային հանրությանը համարժեք պատասխանելու պատրաստվածություն: Գործող իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը սա պետք է աներ, որը չարեց, ու հայտնվեցինք այս աղետի առաջ: Միայն խելագարը կցանկանար, որ պատերազմ լինի: Բա՞յց... Եթե կար անգամ չնչին հնարավորություն՝ հարցը խաղաղությամբ լուծելու, ուրեմն պետք է օգտագործվեր այդ հնարավորությունն ամբողջությամբ: Իսկ հիմա առավել քան անհրաժեշտ է, որպեսզի օգտագործվի հնարավոր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանի հետ կապված հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ խորը գիտակցմամբ, որ մենք այսօր չունենք բավարար ռեսուրսներ ու ժամանակ՝ խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար: Այս հարցի հետ կապված ինձ համար չկա ավելի մեծագույն դավաճանություն, քան սրտատրոփ սպասել, որ որևէ իշխանություն, այս հարցում տապալվի, որպեսզի դու քաղաքական դիվիդենտ ձեռք բերես... Հ.Գ. Արժանապատիվ դիրքերից, խաղաղության հասնելու համոզմունքով առաջնորդվելու համար մեզ ուժեղ բանակ է պետք: Վերակառուցե՛ք ու զինե՛ք մեր բանակը, որ խաղաղ ապրենք: Սա մեր վերջին հայրենիքն է...»: