«Ինչի՞ կհանգեցնի ազգային պետության բացակայությունը և գաղութային ծայրագավառ լինելը»․ Գարեգին Միսկարյան
271
Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 17:00
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի հասկանանք, թե մեզ, որպես ժողովուրդ, արդյոք պետք է ազգային պետություն, թե ոչ, երևի սկզբից պետք է փորձել հասկանալ, թե ինչ է պետությունը, և ինչու են մարդիկ ստեղծել պետություններ։ Բայց դրա մասին բազմաթիվ դասախոսություններ կան ինտերնետում և ցանկության դեպքում կարող եք գտնել, նայել։ Այլ հարց է, թե ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ ունենալ հենց ազգային պետություն, և ոչ թե պարզապես պետություն։ Երբ մենք խոսում ենք ազգային պետության մասին, պետք է գիտակցել , որ այսպես, թե այնպես, այն տարածքը, որը մենք անվանում ենք Հայաստանի Հանրապետություն, չի կարող լինել պետականությունից դուրս/զուրկ, չի կարող չլինել որևէ պետության տարածք։ Եվ հետևաբար, եթե մենք չկայացնենք այստեղ հայկական ազգային պետություն, չկայանանք որպես միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ, ապա լինելու է կամ ռուսական, կամ թուրքական, կամ ադրբեջանական, կամ պարսկական, կամ վերջին հաշվով վրացական պետություն ու էս տարածքում ապրող ժողովուրդը կամ ստիպված է լինելու ինտեգրվելու տվյալ պետությանը և ծառայել այդ պետության մեջ դոմինանտ էթնոսի պատկերացումներից բխող ազգային շահին, կամ արտագաղթելու է։ Մենք մեր հազարամյա պատմության մեջ ունենք նման բազմաթիվ օրինակներ։ Ուրեմն հասկացանք, որ էս տարածքը առանց պետականության չի կարող լինել, իսկ հայկական պետության բացակայության պայմաններում լինելու է մի պետություն, որտեղ մենք լինելու ենք էթնիկ փոքրամասնություն։ Թերևս Վրաստանի դեպքում, որպես հավասարը հավասարի հետ դաշնային պետություն հնարավոր է դիտարկել, բայց դա էլ է ենթադրում սուբյեկտայնացում, սուբյեկտայնություն, և ինքնին այլ թեմա է, իսկ մնացած ավտորիտար համակարգերի պարագայում, որոնք թեորիապես կարող են այս տարածքը կցել իրենց պետությանը, մենք լինելու ենք որպես ծայրագավառ։ Ինչի՞ կհանգեցնի ազգային պետության բացակայությունը և գաղութային ծայրագավառ լինելը։ Էն, ինչին հանգեցրել է մեր պատմության վերջին հազար տարվա ընթացքում, բայց առավել սուր է ընդգծվել 1600 ականներից սկսած։ Կշարունակենք լինել ռեսուրս, «մսացու» այն պետության համար, որի կազմում կլինենք՝ կբաժանեն, կմասնատեն, կվաճառեն, կխլեն իրարից, իրար կնվիրեն ու ինչ ուզեն կանեն։ Բայց դա հարցի մի կողմն է։ Էս տարածքում իշխող ավտորիտար համակարգի քաղաքականությունը միտված է լինելու մեզ կախման մեջ պահելու, որպեսզի մեր հաջորդ սերունդները չինքնորոշվեն, իսկ դրա համար կարիք կլինի պահպանել կրթության ու սոցիալ տնտեսական ցածր մակարդակ։ Այսինքն, էս տարածքում ապրող հայ ժողովուրդը զրկված կլինի առաջընթացի հնարավորությունից։ Միլիոնավոր հայեր կշարունակեն ուծվել տեղում, կամ որ ավելի հավանական է կարտագաղթեն համեմատաբար ավելի ազատ ու սոցիալապես ապայհով պետություններ և կուծվեն այլ ազգերի մեջ։ Արդյուքնում մենք կկորցնենք մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը, ու կվերաննք որպես էթնոս, ինչպես շումերները, խեթերը, ասորիները, էսկիմոսները, ուդեգեյները, ալեուտները, կարագասները, մանսիները ու էդպես շարունակ։ Հիմա գուցե շատերը ասեն, որ Սովետական միության ժամանակ մենք որպես էթնոս բազմացել ենք, շատացել ենք, ներգաղթ է եղել և այլն։ Սովետական միության ժամանակ մենք շատացել ենք, ոչ թե որովհետեւ Սովետական միությունը սիրում էր հայերին, այլ, որովհետեւ նախքան սովետական միությունը ցարական Ռուսաստանին, ապա նաեւ կոմունիստական Կրեմլին ձեռնտու էր այստեղ ունենալ քրիստոնեա հայ բնակչություն, մյուս կողմից էլ տոկոսային հարաբերությամբ մենք ու մեզ պես ազգային փոքրամասնությունները ամենաշատ զոհերն են տվել ռուսական կայսրությունը ու Սովետական միությունը պաշտպանեկու կամ ընդարձակելու համար։ Համեմատության համար ասենք, որ Թուրքիայի բնակչությունը 1927 թվականին եղել է 13.5 մլն, իսկ 2017 թվականին 81 մլն։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք պահել մեր ինքնությունը, ստեղծել մեզ համար արժանապատիվ կյանքով ապահովելու հնարավորություն այն միջավայրում, որը մեզ առավելապես հոգեհարազատ է, կայացնել մեր կյանքի վերաբերյալ այնպիսի որոշումներ, որոնք բխում են մեր շահերից և մյուսների հետ հարաբերվել մեր ազգային շահը առաջ տանելով, մեզ անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական ազգային պետություն։