Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ի վերջո, ո՞վ էր թավշյա հեղափոխության իրական շահառուն». Կարեն Անտաշյան

«Ի վերջո, ո՞վ էր թավշյա հեղափոխության իրական շահառուն». Կարեն Անտաշյան
322
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 01:12

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի ապագայի հետ կապված բոլոր մտածմունքներիս, կանխատեսումներիս հիմնական թեականը, սև բիծը, մութ հարցը, անըմբռնելին, որի պատասխանից, կարելի է ասել, կախված է ամեն ինչ, այն անպատասխան մնացած հարցն է, թե ի վերջո ով էր թավշյա հեղափոխության իրական շահառուն։ Թեպետ կարծես թե մենք այդ պռոցեսը արդեն ընդունում ենք ի գիտություն, իբր օրինաչափորեն եղած մի բան, բայց ինձ թվում է, որ սա դեռևս քվանտային անորոշությամբ առլեցուն պանդորայի արկղ է, որից պարզ չէ, թե ինչ դուրս կգա։ Ի դեպ երբ ասում եմ պարզ չէ, նկատի ունեմ և ամենավատը և ինչ-որ նվազագաույն կորուստներով հանգուցալուծման, եթե չասեմ բարենպաստ սցենարով հույսի առկայծում։ Այստեղ կթվարկեմ բոլոր այն տարբերակները, որոնք կարող եմ երևակայել, կարող եք ընտրել կամ առաջարկել ձեր տարբերակը։
ա․ Թավշյա հեղափոխության հիմնական պրոդյուսերը արևմուտքն էր, որ Հայաստանում ստեղծի ժողովրդավարության կղզյակ ու գործելու, Ռուսաստանին հակադրվելու գաղափարական բազա ունենա, նաև Իրանի դեմ գործելու հարթակ, Թուրքիային կաշկանդելու գործիք դառնա ճիշտ պահին։
բ․ Այն զուտ ռուսական պռոեկտ էր, ինչպես Հայաստանում իշխանության հաստատման և իշխանափոխության մնացած բոլոր, կրկնում եմ՝ բոլոր նախադեպերը, ուղղակի այս անգամ ինքն իբր իր դեմ հակակշիռ, ճնշում ենթադրող, իբր պռոարևմտյան փաթեթավորմամբ ուժի իշխանության բերելով, պատերազմը, զիջումները, պարտությունը հայ ժողովրդի ընտրության ու պատասխանատվության ոլորտում թողնելու նպատակով։ Այս տարբերակի օգտին խոսում են իշխանության փաստացի պռոռուսական դիրքորոշումը բոլոր հնարավոր հարցերում՝ չհաշված մակերեսային մի քանի թեթև քննադատություններն ու հայտարարությունները։
գ․ Սա զուտ տեղական արտադրանք էր՝ հղացված Սերժ Սարգյանի ու Ռոբերտ Քոչարյանի, կամ նրանցից մեկի կողմից՝ իրենց և մերձավորների տարիներով կուտակած սև կապիտալը ու քրեական անցյալը իրավական պռոցեսի պատրանքի միջով անց կացնելու ու մաքրելու նպատակով, նաև ու հատկապես՝ անխուսափելի պատերազմի ու զիջումների նախաշեմին պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Այս տարբերակի օգտին խոսում են ինչպես անհեթեթ դատական պրոցեսների անվերջանալի շղթան ու իրական լուստրացիայի ու քրեաօլիգարխիկ համակարգի հանդեպ արդարության հաստատման բացակայությունը, այնպես էլ փաստացի քաղաքական հակակշիռը, ընդդիմությունը, որ գոյություն ունի սևի ու սպիտակի հայտնի նարատիվի շրջանակներում, այսինքն այնքան վատն է ժողովրդական ընկալման մեջ, որ ներկայիս իշխանությանը թողնում է անայլընտրանք, իսկ նախկին իշխանություններին՝ ներկայիս ընդդիմությանը, մաքրում, սրբում, պարզաջրում քաղաքական իմաստով նույնպես։
դ․ Սա իրոք ժողովրդի հավաքական կամքի դրսևորումն էր, կոռումպացված իշխանությունների դեմ տարիներով կուտակված դառնության ու անարդարության զգացումի պոռթկումը։
ե․ Ռուս-թուրքական համատեղ պրոեկտ՝ Հայաստանը ինքնիշխանությունից զրկելու, Արցախը հայաթափելու, հայկական բանակը պատվազրկելու, մեր ռեսուրսները իրար մեջ կիսելու ու հայկական ինքնությունը վերջնականապես ուծացնելու նպատակով։
զ․ Չեմ բացառում, որ իրականությունը շատ ավելի բարդ է, բազմագործոն, բազմաշահառու, մի ձև սկսված, բայց այլ կերպ շարունակված, ուրիշ բանի վերածված»։