Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Թունավորման հետևանքով Վանաձորի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունն ավարտվել է

Թունավորման հետևանքով Վանաձորի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի նախաքննությունն ավարտվել է
342
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 18:12

Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը, ով Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի բնակարաններից մեկում բնակվել է վարձակալական հիմունքներով, մահացել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել արյունը ախտահարող թույնով՝ կարբօքսի-հեմոգլոբինով օրգանիզմի էկզոգեն սուր ընդհանուր թունավորումը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020թ. ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված «URAN» մոդելի 12լ տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք՝ չնախատեսելով իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը։ Այդ կերպ նա խախտել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման», ինչպես նաև՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի պահանջները։

Դրանցով սահմանվում է, որ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սաքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին և ինքնակամ միացումներ չկատարել։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Լոռու ԳՀՏՍԾ Վանաձորի տեղամասի աշխատակիցը, սպասարկելով նաև վերոհիշյալ հասցեի բնակարանը, վերջին անգամ 2021թ. օգոստոսին հիշյալ հասցեի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից նշված ջրատաքացուցիչը նախագծային խախտմամբ տեղադրելու փաստը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա շահագործման անհամապատասխանությունը:

Նա նաև միջոցներ չի ձեռնարկել սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազասպառման համակարգը նախագծային տեսքի բերելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս ևս խախտել է նշված պայմանագրով սահմանված պահանջները։

Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի-հեմոգլոբին թույնից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), իսկ բնակարանի համասեփականատիրոջը՝ 165-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը՝ զերծ մնալ ինքնագլուխ կերպով, առանց համապատասխան կանոններով և պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու, բնակարաններում, առանձնատներում և այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։ Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։