Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ստեփանակերտի ԲԿ–ում 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ 6–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ստեփանակերտի ԲԿ–ում 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ 6–ի վիճակը ծայրահեղ ծանր է
289
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 18:54

Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները: Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, դեղորայքի և բժշկական նյութերի պակասը՝ զգալի:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով շրջափակումը ծառայության որակի վրա չի ազդել, բայց դժվարություններ ստեղծել է. «Միայն այն դժվարությունները, որ մենք բոլորս տեղյակ ենք, որ փակել ենք պլանային վիրահատությունները, միայն նրա համար, որ կարողանանք այդ պահուստային պարագաներն ուղղենք հիվանդների վրա, ովքերը կարիք ունեն ավելի ուրգեն դեպքերի համար»:

Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում է ստանում 91 քաղաքացի: Նրանցից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տոնական օրերին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատել են գերլարված գրաֆիկով:

«Իրականացրել ենք 13 վիրահատություն՝ բոլորը սուր ցուցումներով, և կարելի է ասել այս օրերին պրակտիկորեն 90-ից թիվը չի իջել մեր բուժառուների և վերակենդանացման բաժանմունքում թիվը տատանվում է 10-13»,-ընդգծել է Մուսայելյանը:

Միջանցքը փակվելուց հետո կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից 17 հիվանդ է տեղափոխել, նաև դեղորայքի տեսքով հումանիտար աջակցություն ցուցաբերել: Մանկական հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ դա բավարար չէ, որ անգամ լաբորատոր պլանային միջոցառումները վերսկսեն:

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքով, բոլոր պլանային միջոցառումները կասեցվել են՝ և լաբորատոր, և պոլիկլինիկ, և վիրահատական, բոլորը կասեցվել են. «Սպեկտորը, ուղղությունը տալիս է միայն սուր վիճակում գտնվող երեխաների բուժօգնությանը»:

Մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներից 13-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Որոշ մասնագետների բացակայությունը փորձում են լրացնել հայաստանյան գործընկերների օգնությամբ:

«Բոլոր հարցերը փորձում ենք շտկել օնլայն հարթակի միջոցով, օնլայն կապի մեջ ենք բոլոր համապատասխան մասնագետների հետ, ում կարիքը հենց այդ պահին զգացվում է հիվանդանոցում.,-նշել է Մելքումյանը:

Վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ Ստեփանակերտից Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակը կայուն է, ասում է Կարեն Մելքումյանը՝ կա դրական դինամիկա:

Արցախի Հանրային Հեռուստատեսություն