Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ու այս ամենի ֆոնին այս ամբողջն առաջնորդած ղեկավարի կինը կիսվում է իր ու ամուսնու երջանիկ նկարներով». Արտակ Հարությունյան

«Ու այս ամենի ֆոնին այս ամբողջն առաջնորդած ղեկավարի կինը կիսվում է իր ու ամուսնու երջանիկ նկարներով». Արտակ Հարությունյան
345
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 21:30

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնենք իրավիճակ։ Հեղափոխություն է եղել։ Հմուտ դիվանագիտական աշխատանքի արդյունքում կնքվել է խաղաղության պայմանագիր։ Եղել են փոխզիջումներ։ Բաժանարար գոտում տեղակայված են միջազգային խաղաղապահ ուժերը։ Թուրքիայի հետ սահմանը բացվել է։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները։ Բարեփոխվել է դատական համակարգը։ Պաշտպանական բանակը հզորացել է։ Ներդրումները երկրում շատացել են։ Կրթական համակարգը բռնել է զարգացման ուղին։ Երկրի սոցիալական վիճակը գնալով բարելավվում է։
Ու այս ամենի ֆոնին այս ամբողջը առաջնորդած ղեկավարի կինը կիսվում է իր ու ամուսնու երջանիկ նկարներով, ինչպես են խաղաղ զբոսնում տարբեր քաղաքներում, խինդ ու ծիծաղով առևտուր անում, փողոցում կամ ինչ-որ սրճարանում սնվում, գարեջուր ու գինի խմում։
Պատկերացրի՞ք։
Իսկ հիմա գանք իրականություն։
Արտաքին խայտառակ քաղաքականության արդյունքում բանակցությունները վերջնական ձախողվել են ու սկսվել է պատերազմ։ Պատերազմում կորցրել ենք Արցախի մի մասը, բոլոր հարակից շրջանները, զոհվել են հազարավոր մարդիկ, ջախջախվել է բանակը։ Թշնամու զորքը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Ուղիղ բանակցությունները կասեցված են։ Փակ է Լաչինի միջանցքը։ Հայաստանին ինչ-որ բաներ են փորձում պարտադրել։ Ռուս խաղաղապահները գոնե առայժմ չեն բացել Լաչինի միջանցքը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դրված են զիջումների պահանջներ։ Իրավական ու դատական համակարգերի հայտարարված բարեփոխումները ձախողվել են։ Կրթական համակարգում նկատելի չի առաջընթաց։ Ներդրումային լուրջ հոսքեր չկան։ Սոցիալական վիճակը մնում է ողբալի։
Ու այս ամենի ֆոնին այս ամբողջը առաջնորդած ղեկավարի կինը կիսվում է իր ու ամուսնու երջանիկ նկարներով, ինչպես են խաղաղ զբոսնում տարբեր քաղաքներում, խինդ ու ծիծաղով առևտուր անում, փողոցում կամ ինչ-որ սրճարանում սնվում, գարեջուր ու գինի խմում...
Պատկերացրի՞ք։
Դե կարող եք վերադառնալ վիրտուալ իրականություն»։