Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

««Ոչ թե «Վարդերի հեղափոխություն», այլ «Լրտեսների հեղափոխություն». ի՞նչ է կատարվում Վրաստանում». Վահե Սարգսյան

««Ոչ թե «Վարդերի հեղափոխություն», այլ «Լրտեսների հեղափոխություն». ի՞նչ է կատարվում Վրաստանում». Վահե Սարգսյան
298
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 18:30

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է կատարվում Վրաստանում
2022 թ. հունիսի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները՝ Վրաստանի նախկին ՄԻՊ Սոզար Սուբարի գլխավորությամբ, որոնք հիմնել են «Ժողովրդի իշխանություն» շարժումը, շատ կարևոր նախաձեռնությամբ են հանդես եկել՝ շրջանառության մեջ դնելով «Օտարերկրյա (կամ արտաքին - Վ.Ս.) ազդեցության թափանցիկության» մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծել ռեեստր, որը կներառի բոլորˋ շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը:
Օրենքի հեղինակների խոսքով՝ հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետության մեջ որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների եկամտի աղբյուրները:
Իշխող ուժը ևս կողմ է քվեարկելու օրինագծին (Սոզար Սուբարիի գլխավորած ուժի հակաարևմտյան հայացքների պատճառով Վրաստանի սաակաշվիլիամերձ շրջանակները համարում են, որ «Ժողովրդի իշխանություն» շարժումն իբր ծառայում է իշխող ուժին)։
Հետաքրքիր է՝ հակաարևմտյան շարժումը գլխավորում և նշված օրինագիծը մեջտեղ է բերում «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, «Վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակից, Սաակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանի ՄԻՊ հանդիսացած Սոզար Սուբարին, որը հենց այդ տարիներից էլ աչքի է ընկել իբրև լուսավոր, առաջադեմ, Վրաստանում ապրող քարթվելական և ոչ քարթվելական ժողովուրդների ազգային, լեզվական ու կրոնական ավանդույթները հարգող անձնավորություն՝ հենց այդ պատճառով էլ հաճախ հակադրվելով Սաակաշվիլու բռնատիրական ու ծայրահեղ արևմտաթուրքամետ իշխանությանը:
Չնայանած որ օրենքի հեղինակները հիշատակում են ժողովրդավարական երկրների առաջադեմ փորձը, մասնավորապես, ամերիկյան օրենսդրությունը, այդուհանդերձ, Արևմուտքից սնվող կառույցները և հատկապես Սաակաշվիլու կողմնակիցները հայտարարում են, որ այն կրկնում է ՌԴ-ում 2012-ից գործող և 2021 թ. փետրվարի 24-ին Վ. Պուտինի ստորագրությամբ փոփոխված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը հավասարապես տարածվում է լրատվամիջոցների և ֆիզիկական անձանց վրա և նախատեսում է մինչև 2500 ռուբլի տուգանք ֆիզիկական անձանց համար և մինչև 500000 ռուբլի՝ կազմակերպությունների համար։
Բնականաբար, օրենքի նախագիծն արժանացավ արտերկրից սնվող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու անձանց հուժկու դիմադրությանը: Տարածվեց 260 ՀԿ-ների և լրատվամիջոցների հետ համատեղ հայտարարությունը, որով վերջիններս աղաղակում էին, թե, իբր, նախագիծը նպատակ ունի խոչընդոտելու սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, ապօրինի աշխատանքից ազատված հանքափորներին, տեղահանվածներին, անօթևաններին, ազատազրկված անձանց և այլ քաղաքացիներին աջակցելուն, ովքեր իրենց իրավունքների պաշտպանության կարիքն ունեն և պայքարում են այդ իրավունքների համար։ Ըստ հայտարարության, չի կարելի լռեցնել լեռներում և այլ շրջաններում ապրող մարդկանց ձայնը, ովքեր իրենց ծանր վիճակի մասին հանրությանը տեղեկացնում են միայն տեղական անկախ լրատվամիջոցների միջոցով (ի դեպ, փետրվարի 28-ին նմանատիպ բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ը):
Պարզ է՝ վերոնշյալը միմիայն այսբերգի երևացող մասն է, իրականում՝ բոլորն են հասկանում, թե ինչով են զբաղված տարիներով դրսից սնվող և չվերահսկվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները:
Իրականում Արևմուտքը լավ է հասկացել, որ Վրաստանը, շնորհիվ ներկայիս ղեկավարության բալանսավորված քաղաքականության, դանդաղ, բայց հաստատուն կերպով վերականգնում է երկրի ինքնուրույնությունն ու դադարում է լինել արևմտաթուրքական վասալ, ինչը կար Սաակաշվիլու օրոք: Հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն սկսել է անհանգստացնել արևմտյան նեոգաղութարարներին: Արդյունքում ամեն կերպ փորձ է արվում Վրաստանում կրկին իրագործել հեղաշրջում և երկիրը նետել նոր ցնցումների գիրկը՝ օգտագործելով այս անգամ նախագծի դեռ առաջին լսումները:
Պատահական չէ, որ արևմտյան հովերով տարված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիում անցկացվող ցույցերի մասնակիցներին՝ խոստանալով վետո դնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, որը «պետք է չեղյալ համարվի», իսկ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը մարտի 7-ը «սև օր» է համարել (Վրաստանի խորհրդարանի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի կապակցությամբ):
Այդ իմաստով այսօր դիպուկ է արտահայտվել Վրաստանի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հատուկ հայտարարությամբ անդրադառնալով ստեղծված իրավիճակին. «Այս ամենը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպայի և եվրոպական արժեքների հետ։ Եթե մենք չպաշտպանենք մեր պետությունը լրտեսական ծրագրերից, մենք ոչ միայն չենք անդամակցի ԵՄ-ին, այլև կկորցնենք մեր ինքնիշխանությունը»:
Ուշագրավ է, որ Վրաստանում արդեն իրերը կոչում են իրենց անուններով, այն է՝ 2003 թ. տեղի է ունեցել ոչ թե «Վարդերի հեղափոխություն», այլ «Լրտեսների հեղափոխություն»: Կրկին ցիտենք Իրակլի Կոբախիձեի այսօրվա հայտարարությունից. «Վրաստանում 2003 թ. տեղի ունեցավ լրտեսական հեղափոխություն, որը բերեց մոտ 9 հակաեվրոպական տարի, մարդկանց խոշտանգումներ, բիզնեսի ռեկետ, լրատվամիջոցների առևանգում և Վրաստանի տարածքների 20 տոկոսի կորստ։ Այն ժամանակ լրտեսները կարողացան մանիպուլացնել հասարակության անկեղծ հույզերը և ստիպեցին նրանց սկզբունքայնորեն սխալվել:
Այսօր վրացական հասարակությունը բավականին հասուն է, որ թույլ չտա նույն լրտեսներին նոր հեղափոխություն անել և վերադառնալ անցյալ»։
Իր. Կոբախիձեի վերջին այս միտքը, կարծում ենք, խորը մտորումների տեղիք պետք է տա հայ հասարակության համար:
Դասեր քաղելու ժամանակն է»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան