Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՔՊ-ական պատգամավորն ԱԺ նախագահից հաշիվ է պահանջել. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորն ԱԺ նախագահից հաշիվ է պահանջել. «Ժողովուրդ»
192
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգևավճար են պահանջել ԱԺ նախագահից և աշխատակազմի ղեկավարից:

«Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:

Ի դեպ, պատգամավորների օգնականները, ի վերջո, հասան իրենց նպատակին և ոչ միայն ստացան պարգևավճարներ՝ հունվար ամսվանից սկսած, այլև կստանան ողջ 2023 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել:

Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ առանձնապես ակտիվ չէ այս կամ այն անարդարության դեպքերին արձագանքելիս, դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին և նրանցից հաշիվ է պահանջել, թե որ պատգամավորների օգնականներն են պարգևավճար ստացել, և ինչու իր օգնականը չի ստացել:

Այս դիմումի մասին նա բարձրաձայնել է նաև խմբակցության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ դժգոհելով, որ ուշացրել են իր պատասխանը: Այս թեմայի շուրջ զրուցեցինք պատգամավորի հետ, որը չհերքեց մեր տեղեկությունը, որ նման դիմում է գրել, միայն արդարացավ, թե 1.5 ամիս է՝ օգնական չունի, իր օգնականը դուրս է եկել աշխատանքից, ինքն էլ հիմա նոր օգնական է փնտրում»:

Մանրամասները՝ թերթի համարում: