«Ինչու է Մհերը խռովում մարդկությունից ու փակվում Ագռավաքարում». Վասակ Դարբինյան
438
Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 00:06
Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՓՈՐՁ ԱԳՌԱՎԱՔԱՐ Մեր էպոսն, իրավամբ, համամարդկային գաղափարների խտացում է, ժողովրդական բանահյուսության համաշխարհային գլուխգործոց, իմաստնության ու պատկերավորության շտեմարան, մարդասիրության ուղեցույց և փորձություններ հաղթահարելու ձեռնարկ։ Թվում է, թե դրա չորս ճյուղերում պատմվող քաջագործությունների և թշնամիների հանդեպ հաղթանակների շարքը, արդարության ձգտման, հարատևության և անպարտելիության գաղափարները պիտի ամբողջանային մի անօրինակ սխրանքով, դեպի լույս առաջնորդող մի վեհ դրվագով, թեկուզ երազային, թեկուզ առասպելական-խորհրդանշական-ոգեղեն մի թռիչքով՝ որպես գալիք սերունդներին հղված մաղթանք կամ ուղերձ, գոնե վեհանձնության մի օրինակով․․․ Բայց ոչ։ Այս ամենի փոխարեն էպոսի ավարտին տեսնում ենք ընդամենն արդարության հանդեպ հավատի կորուստ և իբրև սրանից բխող միակ լուծում՝ ինքնամեկուսացում Ագռավաքարում։ Երբ այլևս չկա փոխըմբռնում, չկա հաշտություն, չկա շարունակություն։ Երբ միակ ելքը աշխարհի դեմ փակվելն է ու դուռ շրխկացնելը։ Աշխարհից խռովելը։ Երբ միակ ապրեցնողն աղոտ հույսն է, թե երբևէ արդարություն կհաստատվի։ Էպոսի վերջին շառավիղը փակվում է Ագռավաքարում ու երդվում այնտեղ մնալ այնքան ժամանակ, մինչև գարին դառնա քանց մասուր մի, և ցորենը դառնա քանց ընկույզ մի։ Մինչև Արդարություն հաստատվի աշխարհում․․․ Մի տեսակ անավարտություն կա, անարդարություն կա արդարության հավերժական սպասումով ավարտի մեջ, և մարդ ակամա սկսում է կասկածել՝ իսկ գուցե ամեն ինչի պես էպո՞սն էլ ենք կիսատ թողել․․․ Հավես չենք ունեցել շարունակությունը ստեղծագործելու, ինչպես հավես չենք ունեցել ավարտել, կեսից կարծես ալարել կամ ուժասպառվել ու կիսատ ենք թողել մեր հաղթանակները, ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, ավերակների վերականգնումը, նպատակներն ու ձգտումները․․․ Հիանալով էպոսի առույգ և գրավիչ սյուժեով, իմաստուն ընդհանրացումներով, անզուգական պատկերավորությամբ, իրադարձությունների աներևակայելու շրջադարձերով, բազմաշերտ և խորքային կենսափիլիսոփայությամբ, պարզունակ պատումի շերտերում այլաբանության հանճարեղ առկայծումներով, բազում այլ անգերազանցելի արժանիքներով՝ փորձենք հասկանալ, թե ինչու է էպոսի ավարտը այդքան մռայլ ու հուսաբեկ, ինչու է Մհերը խռովում մարդկությունից ու փակվում Ագռավաքարում։ Անշուշտ, գոյության իրավունք ունի մեկնությունը, թե Փոքր Մհերը իր այդ քայլով խորհրդանշում է ոչ թե անհուսություն, խռովկանություն ու մեկուսացում, այլ հակառակը՝ հույս, Արդարության ծարավ, սպասում, անմահություն և հավերժություն․․․ Բայց ինչ բանալի էլ պահված լինի Ագռավաքարում, ինչ մեկնաբանություն էլ տանք Մհերի արարքին, ինչ ուղերձ էլ պարունակի էպոսի խորախորհուրդ ավարտը՝ հղված սերունդներին, միջին վիճակագրական միտքը չի կարող շրջանցել սպասումի, պատրանքի, կրավորականության գերակայությունը։ Հենց այս զգացողություններն է հուշում Ագռավաքարը, որտեղ ապաստանում է «ղալբըցած» (ծուլացած) հողից, չարության շատացումից ու Արդարության պակասից դժգոհ Մհերը․․․ Չմոռանանք նաև, որ հենց միջին վիճակագրական մարդիկ են իրենց նմանների համար ստեղծել էպոսը, ոչ թե իմաստուններն են հորինել իմաստունների համար։ Եվ ո՞վ կառարկի, որ ամեն հայ ինչ-որ չափով մի Ագռավաքար է համարում աշխարհը, որտեղ ապրում է, ու ամեն հայի մեջ մի Փոքր Մհեր կա նստած, և մեր կենսափիլիսոփայության առանցքը, մեր գոյության կերպն էլ հենց արդարության ծարավն է, արդարության սպասումն է, արդարությանն սպասելն է։ Ի դեպ, գարին՝ մասուրի չափ և ցորենը՝ ընկույզի չափ տարին մեկ անգամ լինում են։ Բայց հանուն մեր էպոսի անխոցելիության ու կատարելության՝ պիտի խոստովանենք, որ դա կատարվում է ոչ թե գարու և ցորենի՝ իրենք իրենցից խոշորանալու հետևանքով, այլ մասուրի և ընկույզի նոր-նոր ձևավորված ժամանակ։ Այսինքն, մասուրն ու ընկույզը ծլում, նշմարվում և մի պահ իրենք են դառնում գարու և ցորենի չափ։ Հետո նոր մեծանում են։ Այնքան արագ են մեծանում, որ գարին և ցորենը չեն հասցնում բացել Մհերի դուռը, և Մհերը շարունակում է իր անվրդով ու անխախտելի փակվածությունն Ագռավաքարում։ Փոքր Մհերն, ահա, գալիս է ամբողջացնելու մեր ժողովրդի ճակատագրի թշվառությունը, մեկուսացումը, անհուսությունն ու միաժամանակ անխորտակելությունը։ Հրաշքներ չեն լինի։ Արդարություն չի լինելու։ Կործանում նույնպես չի լինի։ Կլինի հավերժական սպասում փակ դռան դեմ»: