Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արհեստական բանականությունը սովորում է կարդալ մարդկանց մտքերը

Արհեստական բանականությունը սովորում է կարդալ մարդկանց մտքերը
265
Կիրակի, 09 ապրիլի, 2023 թ., 18:48

Գիտություն և տեխնոլոգիա ֆեյսբուքյան էջը գրում է. «ԱԲ-ն սովորում է կարդալ մարդկանց մտքերը:
Արհեստական բանականության հետ կապված զարգացումներն օր-օրի ավելի ապշեցուցիչ են դառնում, և մարդիկ դեռ պետք է պարզեն, թե որքան լայն են ԱԲ-ի հնարավորությունները։
Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ), Սինգապուրի ազգային համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականների միջազգային թիմի կողմից վերջերս իրականացված փորձի արդյունքում պարզվեց, որ ԱԲ-ն բառացիորեն կարող է կարդալ մարդկանց մտքերը: Փորձի ընթացքում մարդկանց ցույց էին տալիս որոշակի նկարներ՝ միաժամանակ գրանցելով ուղեղի ակտիվության վերաբերյալ տվյալները։ Այնուհետև Mind-Vis ԱԲ-ն, վերլուծելով այդ տվյալները, ստեղծում էր իր պատկերները:
Նախ Mind-Vis-ն օգտագործել էր տվյալների բազա, որը պարունակում էր ուղեղի 160,000 սկանավորումներ: Իր ուսուցման երկրորդ փուլում ԱԲ-ն վերապատրաստվել էր փորձի մասնակիցների տվյալների բազայի վրա, որոնց ուղեղի ակտիվությունը գրանցել էր ՄՌՇ սարքը, երբ նրանց պատկերներ էին ցույց տվել: Այդ ամենից ելնելով՝ ԱԲ-ն սովորեց կապել ուղեղի հատուկ ակտիվությունը պատկերի տեսողական այնպիսի առանձնահատկությունների հետ, ինչպիսիք են գույնը և ձևը:
Պարզվեց, որ 84% դեպքերում ԱԲ-ն ստեղծել էր այնպիսի պատկերներ, որոնք համապատասխանում էին բնօրինակ պատկերներին այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են տեքստուրան ու գույնը։ Համընկել էին նաև ստեղծված և բնօրինակ նկարների թեմաները։
Հետազոտողները եզրակացրել են, որ ուղեղի սկանավորումը կարող է բավականաչափ տեղեկատվություն տրամադրել ԱԲ-ին՝ բավականին ճշգրիտ պատկերացում կազմելու համար, թե ինչ է մտածում մարդը: Ավելի լավ արդյունքների կարելի է հասնել, երբ նեյրոնային ցանցն անցնի երկարաժամյա ուսուցում: Այս փորձը շատերից մեկն է, որտեղ գիտնականները դիտարկել են ուղեղի ակտիվությունը և ԱԲ-ի աշխատանքը: Դեռևս երկար տարիներ և բազմաթիվ նոր հետազոտություններ կպահանջվեն, մինչև տեխնոլոգիան զարգանա այնչափ, որ հասանելի դառնա զանգվածային օգտագործման համար»: