«Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում». Սուրենյանց
196
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 13:48
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին: Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է: Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տրամաբանությամբ՝ կարգավիճակի ճշգրտման հարցը թողնելով ապագային: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանվող Փուլային տարբերակն, ըստ էության, ճանաչում էր ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը, փաստացի անկախություն էր երաշխավորում Արցախի համար՝ միջազգային ամուր երաշխիքներով: 1998-ի հեղաշրջումից հետո, ԼՂ-ն բանակցային գործընթացում սուբյեկտից վերածվեց օբյեկտի ու այդ հանգամանքը որոշակի արտացոլում գտավ Մադրիդյան սկզբունքներում, որոնք, ինչպես կանխատեսվում էին, ավելի ոչ բարենպաստ էին հայկական կողմի համար, քան էր 1997-ի Փուլային տարբերակը: Այնուամենայնիվ, թե Մադրիդյան սկզբունքները, դրա դրա տարբեր մոդիֆիկացիաները, այդ թվում՝ Լավրովի, պլանը, իրականություն դառնալու պարագայում՝ հստակ երաշխավորում էին ԼՂ-ի քաղաքական սուբեկտությունը, նրա ժողովրդի անվտանգությունը: Մադրիդյան սկզբունքներին «պատերազմ» հայտարարած Փաշինյանն՝ իր անհեռատես քաղաքականությամբ, 44-օրյա պատերազմի հետևանքով, ոչնչացրել է ԼՂ սուբեկտության հեռանկարը՝ այն, ըստ էության, դարձնելով Ադրբեջանի ներքին հարց կամ լավագույն դեպքում՝ ռուս- ադրբեջանական սակարկության թեմա: Սրան գումարած՝ Փաշինյանի այդ քաղաքականությունը չի երաշխավորում անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, որպես ալիբի, նշում են նրա կողմնակիցները: Եվ այս անհեռատես քաղաքականության համար վճարել է հայ ժողովուրդը՝ իր հազարավոր զավակների կյանքերի գնով: Ահա, թե ինչը չի ներվելու Փաշինյանին: Ինձ պես ռացիոնալ մտածող հազարավոր մարդիկ չեն ակնկալել, որ Փաշինյանը հասնելու է ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, մեր ակնկալիքը շատ հստակ է եղել, որ նա արձանագրելու է իր ստացած ժառանգությունը ու ԼՂ խնդիրը լուծելու քաղաքական կամք ու խիզախություն է դրսևորելու: Նա ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը»: