Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Անմեղ» ջահելական կատակներով արժեզրկվում է կանանց համատարած զինծառայության գաղափարը». Հակոբ Կարապետյան

«Անմեղ» ջահելական կատակներով արժեզրկվում է կանանց համատարած զինծառայության գաղափարը». Հակոբ Կարապետյան
266
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 03:06

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ եմ ափսոսում, որ կանանց զինծառայության հարցը հանրային հարթակում ծաղրական գրառումների առիթ է տվել:
Ամեն ինչի մասին էլ կարելի է կատակ անել, բայց որոշակի սահմաններում ու որոշակի միջավայրում: Բոլորի ներկայությամբ ցանկացած թեմայով «ղժժալը» պատանեկան պարապ հրճվանք է: Իհարկե, քառասունում էլ կարելի է ու պետք է որոշակի միջավայրում, ասենք, մանկության ընկերների հետ «հիմար» կատակներ անել՝ հիշելու համար դպրոցական տարիներդ, բայց ընդունեք, որ լայն միջավայրում էդ տեսակ բաները առնվազն տարօրինակ են ընկալվում:
Իսկ ամենացավալին էն է, որ էդ «անմեղ» ջահելական կատակներով արժեզրկվում է կանանց համատարած զինծառայության գաղափարը: Իսկ դրա իրագործումը, կարծում եմ, կարևորագույն խնդիր է մեզ համար: Նախ, եթե դու ունես սահմանափակ ռեսուրսներ, ապա անհասկանելի է, թե ինչու ես էդ ռեսուրսը գլխանց կիսում: Եթե դու երկրում պարտադիր զինծառայության ինստիտուտ ունես, ինչո՞ւ ես արտոնություն տալիս կամ սահմանափակում պոտենցիալ զինապարտ քաղաքացիներիդ ավելի քան կեսին:
Ինչո՞վ է ասենք, 18-25 տարեկան միջին վիճակագրական հայաստանցի կինը պակաս կամ առավել միջին վիճակագրական հայաստանցի տղամարդուց, որ մեկը ազատված է պարտադիր ծառայությունից, մյուսը՝ ոչ: Կին կամ տղամարդ լինելը լինելը էս դեպքում առավելություն է՞, թե արատ:
Իմ կարծիքով, պարտադիր զինծառայությունը երկուստեք խտրականություն է երկու սեռերի համար էլ: Մի կողմից՝ սահմանափակվում է երկրի պաշտպանությանը մասնակցելու կանանց հնարավորությունը, մյուս կողմից, միայն տղամարդկանց է պարտադրվում զինվորական ծառայությունը:
Խնդրում եմ, սեռով պայմանավորված որոշակի առանձնահատկությունները որպես փաստարկ չբերել. առանց մանրամասների, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են:
Իմաստ էլ չունի թերևս քննարկել գաղափարը հիմա առաջարկողների՝ ռեֆորմներ անցկացնելու կամքի ու կարողությունների հարցը:
Ուղղակի եկեք առանց ծաղրական մեկնաբանությունների քննարկենք կանանց համատարած (պարտադիր) զինծառայության նպատակահարմարության հարցերը»:

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան