«Խորքային տեղեկություններ, որ ստացա մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից». Հոխիկյան
3301
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 00:36
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Խորքային տեղեկություններ, որ ստացա վերջին 1 ժամվա ընթացքում մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից․ - Արցախի իշխանությունները հստակ պահանջով են դիմելու ռուսական կողմին՝ կամ 1-2 օրում վերացվում է Արցախի շրջափակումը, հանվում է թշնամու անցակետը, կամ Արցախը պաշտոնապես դիմում է Արևմուտքին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով։ *Խոսք լինել չի կարող մարդկանց տարհանելու մասին, քանի որ դա է թշնամու նպատակը, իսկ այս իրավիճակում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը կազմված է այնպես, որ մինչև մայիսի 14-ը Արցախն ամբողջությամբ հայաթափվի մարդկանց սեփական կամքով և առանց բռնության։ Ըստ իմ ստացած տեղեկության՝ Արցախում քննարկվում է հնարավոր նախագիծ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու համար։ Եթե ռուսական կողմը չի կարող (Մոսկվայից դեռևս թույլ չեն տալիս) կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել մեր անվտանգությունը, ապա գուցե նրանց փոխարինեն այլ երկրների խաղաղապահ ուժեր։ Ռուսները կարող են մեր բարեկամը լինել, բայց մեր երկրից թանկ ոչինչ չկա։ *Մյուս կողմից մեկ այլ երկրի հավաստի աղբյուրից ստացած տեղեկությունն ասում է, որ առաջիկա 1-2 օրում Ադրբեջանը կբացի Շուշի-Քարինտակ խաչմերուկը և կհեռացնի այսպես կոչված «էկոակտիվիստներին»։ Նրանք իրենց գործը ավարտել են, հիմա ժամանակն է անցնելու եզրափակիչ փուլին։ Շուշի-Քարինտակ խաչմերուկը առաջիկա 1-2 օրվա ընթացքում (հավանաբար հենց ապրիլի 24-ին) բացելուց հետո Ադրբեջանը դիմելու է արցախցիներին՝ առաջարկելով ազատ երթևեկել իր վերահսկողությամբ, բայց Ադրբեջանը միջոցներ կգործարկի, որ մարդիկ լքեն Արցախը։ Թշնամին հույս ունի դրան հասնել մինչև մայիսի 14-ը, երբ Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրություն, իսկ հանձնված Արցախը կլինի Էրդողանի հաղթանակի գրավական, հակառակ դեպքում, եթե արցախցիները մնան Արցախում, ապա թուրք-ադրբեջանական բոլոր ծրագրերը ձախողվելու են, Էրդողանը չի ընտրվի։ ** Այս պահին մեծ պատերազմի ծրագիր չկա, բայց մինչև ապրիլի վերջ Ադրբեջանը ամեն կերպ ահաբեկելու է արցախցիներին՝ ստիպելով համատարած լքել հայրենիքը։ Եթե դիմացանք այդ հոգեբանական ճնշմանը, ապա այս պայքարում հաջողության նժարը սկսելու է մեր կողմ թեքվել։ ***Թուրքիայի բանակը պատրաստվում է միանալ Իրանի վրա հարձակմանը, ինչը սկսվելու է Ադրբեջանից՝ Իսրայելի աջակցությամբ։ - Մենք պարտավոր ենք դիմանալ։ - Ցեղասպանության վտանգ չկա։ - Ընդամենը պետք է պինդ նյարդեր ունենալ ու թշնամու հոգեբանական ճնշման տակ չլքել Արցախը։ Տեղեկությունները թարմացվում են»: