Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մոտ 150 տարի առաջ սկիզբ առած հայկական քաղաքական հասունությունը գին ունեցավ». Տարոն Սիմոնյան

«Մոտ 150 տարի առաջ սկիզբ առած հայկական քաղաքական հասունությունը գին ունեցավ». Տարոն Սիմոնյան
279
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 22:30

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Իսկ հիմա ավելի ողջախոհ ու սառնասիրտ ...
Որքան դու՝ որպես անհատ, ազգ կամ պետություն, ձգտում ես հասունության ու չափահասության, այնքան պետք է պատրաստ լինես հակադրության դրսից, միջավայրից, իսկ երբեմն էլ՝ ներսից:
Մոտ 150 տարի առաջ սկիզբ առած հայկական քաղաքական հասունությունը գին ունեցավ:
Եվրոպայում ու Ռուսաստանում կրթություն ստացած հայերն ազգային ինքության ու գիտակցության զարթոնք տարածեցին ամբողջ Հայկական լեռնաշխարհում՝ դպրոցից մինչև գրականություն ու քաղաքական հարթակներ: Երբեմն նվիրյալ վարքով, երբեմն՝ ուղղորդված:
Բայց մենք մենակ չէինք, և միջավայրը դրան պիտի հակազդեր իր հնարավորություններով: Հակազդեցությունը շատ ծանր նստեց ազգի վրա, և ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացրեց ազգի հսկայական մասին՝ նեղացնելով ազգի բնակման աշխարհագրական արեալը ավելի քան տասն անգամ:
Ցավոք այդ արեալը շարունակում է փոքրանալ նաև այսօր, Արցախը վկա ...
Վերևից նայելով՝ ավելի հստակ է երևում փոքրիկ մասերից ու քայլերից բաղկացած մեծ ծրագրի պատկերը, այն այնքան խորքային, երկարաժակետ ու մշակված է, որ չենք ցանկանում հավատալ, որ իրական է:
Իսկ վերևից նայելը հարմար չէ, որովհետև պիտի բարձրանաս ու բարձրացնես, աշխատես, հասունանաս ու գիտակցես, որ պայքարելդ ինքդ քո ու մյուսների առջև արդարանալու համար չէ, այլ, որ նույնանաս քո էության ու նպատակի հետ:
Երբ հասնենք այդ գիտակցությանը հետևողական ու ինքնամոռաց աշխատանքի արդյունքում, մեր մեծ, երկարաժամկետ ու խորքային ծրագիրն ու պատկերը կպարտադրենք միջավայրին, իսկ մյուսները ստիպված կլինեն հաշտվել դրա հետ և ավելին՝ աշխատել դրա համար:
Դրանից հետո միջազգային իրավական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական, ֆինանսական ու մյուս բոլոր գործիքներն այնքան մատչելի ու արդյունավետ կլինեն, որ ինքներս էլ չենք հասցնի արձանագրել նվաճումները»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան