Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանում տեղի է ունեցել իսկապես կարևոր նախադեպ». Հակոբ Բադալյան

«Հայաստանում տեղի է ունեցել իսկապես կարևոր նախադեպ». Հակոբ Բադալյան
371
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 03:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի երկու տեղ աչքովս ընկավ, թե ինչպես է հանրությունը «ցնծում» Հայաստանի-Իրան-Հնդկաստան ինչ որ 250 միլիարդ դոլարի բեռնափոխադրումային ենթակառուցվածքային համաձայնագրի «առիթով»:
Սա իհարկե կլիներ ծիծաղելի, եթե չարտահայտեր ինստիտուցիոնալ եւ քաղաքական համարժեքության դաշտում վակուումի մեր մտահոգիչ ու տխուր իրականությունը:
Մեկնաբանություն բաժնում տեղադրում եմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցության մասին անդրադարձիս հղումը, որը հրապարակվել է դեռևս այն ժամանակ, երբ այդ եռակողմ խորհրդակցությունը չէր հետաքրքրել լայն հանրությանը, քանի որ չէր եղել «250 միլիարդ դոլարի» ցնծության ավետիսը: Ընդ որում, հայտնի է, թե դա որտեղից է գալիս՝ թելեգրամյան տիրույթից, ընդ որում՝ առանց հղումի:
Իսկ Հայաստանում տեղի է ունեցել իսկապես կարևոր նախադեպ՝ Հայաստան, Հնդկաստան, Իրան քաղաքական եռակողմ խորհրդակցություն ԱԳՆ մակարդակով, որը սակայն կարող է լինել ընդամենը շատ բարդ ու հակասական մի ճանապարհի սկիզբ, ինչի երանգներն էլ փորձել եմ շոշափել մեկնաբանության բաժնում հղման մեջ:
Այո, մարդիկ իհարկե ուզում են ցնծալ, և վատ չէ, եթե ցնծության առիթները միանգամայն շոշափելի և հիմնավոր են: Բայց, եթե ստեղծվում են անհիմն ցնծություններ, այն էլ հակասություններով և անորոշություններով լի համաշխարհային այս շրջափուլում, առավել ևս բարդագույն ռեգիոններից մեկում, դա, մեղմ ասած, մտահոգիչ իրողություն է, որովհետև ցնծության փոխարեն մեզ անհրաժեշտ է առավելագույն ջանք գործադրել՝ հնարավորությունների և ռիսկերի հարաբերակցության կառավարման բարդ խնդրի ուղղությամբ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան