«Էրդողանը չկարողացավ ստեղծել ժառանգորդ». Կարեն Հովհաննիսյան
299
Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 21:42
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայիս Թուրքիայի մասին։ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է շատ ամուր սյուների վրա, քանի որ պարտված Օսմանյան կայսրությունից թուրքական պետություն կերտել են, ոչ թե արտաքին ուժերը, այլ հենց իրենք՝ թուրքերը՝ գլխավորությամբ թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։ Աթաթուրքի (բառացի նշանակում է թուրքերի հայր) գաղափարախոսությունը հայտնի է որպես քեմալիզմ, որի հիմնարար դրույթները մինչև 2000-ականները Թուրքիայի պատմության բոլոր իշխանությունների կողմից հետևողականորեն կյանքի էին կոչվում։ Սակայն պատմական ընթացքի դեպքերը Թուրքիայի կյանքում փոխվում են 2001թ․-ից, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստեղծում է «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը, իսկ արդեն 2002թ-ի խորհրդարանական ընտրություններին հաղթում և Թուրքիայում իշխանությունը վերցնում իր ձեռքը։ Էրդողանն անմիջապես չի գալիս իշխանության, քանի որ ուներ դատվածություն, ինչը խանգարում էր վարչապետ դառնալուն, դրա համար Թուրքիայում փոխվում է օրենքը և Էրդողանի դրածո Աբդուլահ Գյուլին 2003-ին փոխարինում է Էրդողանը։ Սկզբանական շրջանում Էրդողանի ուղղվածությունն ԱՄՆ էր, սակայն քիչ-քիչ նա դարձավ առավել անկախ երկրի ղեկավար և Իրաքում քրդերի դեմ պատերազմը լավ առիթ դարձավ, որպեսզի Թուրքիայում ևս քրդերի դեմ սկսի հալածանքներ, որին դեմ էր ոչ միայն Արևմուտքը, այլ նաև ողջ Եվրոպան։ Սակայն Էրդողանն ամեն անգամ կարողանում էր աշխարհի շահերի համար ինչ-որ բաներ անել՝ համադրելով Թուրքիայի շահերին, իսկ աշխարհն էլ սկսեց աչք փակել Թուրքիայում քրդական հարցը ուժով լուծելու՝ Էրդողանի մտադրության վրա։ Էրդողանը գնալով առավել անկախ դարձավ, նա այլևս սեփական արտաքին քաղաքականությունն էր վարում, նույնիսկ շատ հաճախ ուղիղ, բաց տեքստով վիրավորելով իր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին։ Էրդողանի անկախ քաղաքականությունն առավել ակներև դարձավ ՌԴ-ի հետ հարաբերությունները այլ մակարդակի վրա տեղափոխելուց հետո։ Էրդողանին այլևս չէր հուզում այն հարցը, թե Թուրքիային կընդունեն Եվրոմիություն, թե ոչ։ Նա պնդում էր, որ Եվրոմիությունը պետք է Թուրքիային խնդրի, որպեսզի նրանք անդամագրվեն այդ կառույցին։ Թուրքիայի պատմության մեջ Էրդողանը ցանկանում էր ստվերել Աթաթուրքի անունը իր անունով։ Պատահական չէ, որ քեմալիստները ատում են Էրդողանի կողմնակիցներին, կամ Էրդողանի կողմնակիցները՝ քեմալիստներին։ Էրդողանն այլևս դուրս է եկել Արևմուտքի ազդեցությունից, և վարում է լիարժեք անկախ քաղաքականություն, սակայն Էրդողանին այդպես էլ չի հաջողվում ստեղծել գաղափարական պլատֆորմ, որի հիմքի վրա իր այդ անկախ քաղաքականության, ինչպես նաև ծավալապաշտական, պանթյուրքիզմական գաղափարախոսությունն առաջ կտաներ։ Նրա ստեղծած մարդ-կուսակցությունում չկա իրենից հետո որևէ մեկը, ով կստանձնի անկախ քաղաքականություն տանելու դերակատարությունը։ Հենց այս համատեքստում այսօր Թուրքիայում տեղի ունեցողը ոչ թե Թուրքիայի ներքին քաղաքական կյանքին են վերաբերվում, այլ նաև Թուրքիայի ապագային։ Ինքս Էրդողան անձի դերակատարությունը ներկայիս Թուրքիայի պատմության մեջ բարձր եմ գնահատում, սակայն Էրդողանն այդպես էլ չկարողացավ ինքը հաղթահարել իր ԵՍ-ին, և ստեղծել ժառանգորդ, որը կշարունակի իր քաղաքականությունը։ Թուրքիայում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը կարող է Թուրքիան դարձնել առավել կառավարելի և Թուրքիան դառնա պարզապես մի գեղեցիկ երկիր, որտեղ մարդիկ կարող են աշխատել և ապրել՝ առանց որևէ արտաքին դերակատարության, ինչին ձգտում է հասնել Էրդողանը։ Երբ ես պնդում եմ, որ Էրդողանի անձով պայմանավորված, կարող է փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ես նկատի ունեմ հենց այն հանգամանքը, որ կարող է իշխանության գլխում հայտնվել մի դրածո, որը արտաքին քաղաքականությունում կանի այնպես, ինչպես իրեն հուշում են, իսկ ներքինում՝ կիսաանկախ վիճակ։ Էրդողանի գնալով մեր տարածաշրջանում գլխիվայր կարող է շուռ գալ ամեն ինչ, որին պետք է պատրաստ լինենք։ Էրդողանի գնալով նաև փոփոխության են ենթարկվելու խաղացողների ձեռքին եղած խաղաթղթերը։ Ավելի պատկերավոր ասած՝ խաղաթղթերը հավաքելու են և նորից են բաժանելու, թե ում ինչ խաղաթուղթ կընկնի, ով ինչպես կխաղա, դա էլ արդեն դիվանագիտության ժանրից է»։