Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Որոշել եմ գրել «Քաղաքացու օրվա» մասին Նիկոլ Փաշինյանի իրական շնորհավորանքը». Տ. Հայրապետյան

«Որոշել եմ գրել «Քաղաքացու օրվա» մասին Նիկոլ Փաշինյանի իրական շնորհավորանքը». Տ. Հայրապետյան
333
Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 21:42

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ես որոշել եմ, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսի «Քաղաքացու օրվա» կամ «հպարտ քաղաքացու» մասին, գրելու եմ նրա իրական շնորհավորանքը:
«Իմ միամիտ, քարոզչության տակ մնացած, քոչարյանենցով ու նախկիններով վախեցած քաղաքացիներ,
Դեռ դիմանում ե՞ք, չէ: Դիմացեք, առաջիկայում դեռ այնքան փորձանք եմ բերելու ձեր երկրի գլխին, դեռ ու՜ր եք:
Ուրեմն տեսեք՝ ինչ ձեռքբերումներ կան ժողովրդավարության հարցում: Իշխանության եկանք մի օրակարգով, ասեցինք՝ կպաշտպանենք Արցախի ինքնորոշման իրավունքը, ոտքի վրա փոխեցինք, ասեցինք՝ չէ, ժողովուրդ, Արցախը չենք պահում, տալիս ենք, բայց մենք չենք տալիս, նախկիններն են տվել:
Մեր «խաղաղությունը» ավելի շատ պատերազմ բերեց վերջին չորս տարվա մեջ, քան կարելի էր երևակայել: Արցախը մի կողմ դրեցինք, 120,000 հայի պատանդ թողեցինք քիչ է, արդեն ՀՀ-ն ենք մաս-մաս զիջում: ՀՀ-ից 15,000 հեկտար օկուպացված է, մինչ օրս ունենք գերիներ Բաքվում: Վերջին մի տարվա մեջ 200-ից ավելի զոհ ենք տվել, անվտանգային խնդիրներն օր օրի լրջանում են, բայց չմտածեք, ժողովուրդ ջան, սա «խաղաղության» համար է, որ ֆիքսենք մեր հայրենիքը, ես որ ժամանակին ասում էի 42,000 քառակուսի կմ, դա նկատի չունեի, ես շատ փոփոխական եմ, ոնց էլ չլինի նկատած կլինեք: Արարատն էլ որքան շուտ մոռանաք, այնքան լավ: Ձեռքս ճար լիներ, այդ սարի վրա վարագույր կքաշեի, որ այլևս չտեսնեիք, մտքներովդ ավել պակաս բաներ չանցներ:
Ժողովրդավարության այնպիսի մակարդակի հասանք, որ ԱԺ նախագահը փողոցում թքում է մարդու երեսին ու հետո մեր ամբողջ թիմով հպարտանում ենք դրանով, վերջում մի ներողություն կշպրտենք դեմքներիդ, բայց դա չի նշանակում, որ էլ չենք թքի, ինքնահաստատման ձև է, խասիաթ է դարձել:
Այնպիսի ժողովրդավարություն է, որ ԿԸՀ-ի նախագահը մեր կուսակցությունից է, ավելին՝ ինքն իրեն քվեարկել է, անգամ Սերժ Ազատիչը ժողովրդավարության այդ մակարդակի չէր հասել: Մաստեր կլաս, ընդունեք ժողովուրդ ջան:
Ժողովրդավարությունը դա անվտանգություն չի, դա իմ պատկերացմամբ անվերջ ստել է, սուտ ստի հետևից, ասել այնքան, որ դառնա ճշմարտություն, օգտագործել ֆեյքերի բանակ և ջախջախիչ պարտության մատնել նախկիններին:
Մեկ-մեկ էլ, որ բանը բանից անցնի, կասեմ, որ Աստծուց է իշխանությունը, դուք էլ աստվածավախ ժողովուրդ եք, միշտ հույսներդ Աստծո վրա դրած, ասում եք երևի մի բան անում է Փաշինյանը, մյուսներն էլ ասում են՝ խեղճը ինչ անի: Մի խոսքով, ես ամեն ինչ կործանելով հանդերձ՝ շարունակում եմ մնալ իշխանության և ձեզ՝ միամիտներիդ, համոզել, որ շուտով լավ կլինի:
Հույս ունեմ, որ երբեք խելքի չեք գա, ՀՀ միամիտ քաղաքացիներ, թե չէ, որ հասկացանք, թե ինչ ենք գլխներիդ բերում, մեր թիմին կուղարկեք պատմության աղբարկղը՝ անվերադարձ...»»: