Շենթոփը Սիմոնյանին ասել է, որ հայտնի կոթողն է դարձել ՀՀ-ի համար օդը փակելու պատճառ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին:
Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին ևս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ:
ՀՀ ԱԺ նախագահը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:
«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում և չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին և հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
72902.11.2026, 20:00