«Շառլ Միշելը ելույթ էր ունենում՝ որպես Ալիևի խոսնակ». Պետրոս Մակեյան
186
Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 23:00
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամին Արցախով չի բավարարվի Հետևելով մայիսի 14-ին եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի ելույթին՝ տպավորություն է ձևավորվում, որ նա ներկայանում էր որպես Ալիևի մամուլի խոսնակ՝ ներկայացնելով Ադրբեջանի տեսակետը, մասնավորապես՝ նա խոսում էր սահմանազատման առաջընթացից, իսկ որտե՞ղ է այդ առաջընթացը, երբ ամիսը մեկ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա և օկուպացնում ռազմավարական դիրքեր ու բարձունքներ։ Նա խոսում էր մոլորված քաղաքացիներին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով սահմանախախտ ադրբեջանցի երկու զինվորներին, որոնց ադրբենջանցիները մոլորված են համարում և հպանցիկ անդրադառնում ռազմագերիներին։ Եվ վերջապես, հայտարարում է Նախիջևանի երկաթգծի աշխատելու մասին՝ նկատի ունենալով թուրքերի կողմից պահանջվող Զանգեզուրի միջանցքը։ Ոչ մի խոսք 5 ամիս պաշարված Արցախի ու Լաչինի փակ միջանցքի մասին, նունիսկ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը՝ անհապաղ բացել և ապահովել մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում, այլև անցակետ է տեղադրում։ Հայաստանի իշխող ապազգային խմբակն իրենց աղետաբեր առաջնորդի գլխավորությամբ խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության միջազգայնորեն ապահոված երաշխիքներից, ինչի մասին հպանցիկ նաև անդրադառձավ Շառլ Միշելը, ինչը ծիծաղելի և անլուրջ է, որովհետև կարճ ժամանակ անց Արցախը հայաթափվելու է, ինչպես ժամանակին Նախիջևանը, այն էլ այն դեպքում, երբ մեկ պետություն էր՝ Խորհրդային Միությունը, և այսօր ավելի բարձր երաշխիքներից խոսելն անլուրջ է, առավել ևս 30 տարիների ընթացքում այնքան արյուն է հոսել ու թշնամություն կուտակվել, ի՞նչ երաշխիքներ կարող են լինել և ո՞վ է տալու, երբ հիմա ադրբեջանցիները ռուսների ներկայությամբ ամեն օր կրակում են դաշտում աշխատող գյուղացիների վրա։ Հ․ Գ․ Այս պահին, որպես լուծում, պետք է կանգնեցնել Նիկոլին։ Հ․Գ․ ՔՊ-ականները, եթե վստահ են իրենց ասած միջազգային երաշխիքների մասով, ապա իրենք ընտանիքներով թող տեղափոխվեն Արցախ ապրելու»: