Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չե՞ք տեսնում՝ ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում հերոսածին ծնողները». Թաթոյան

«Չե՞ք տեսնում՝ ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում հերոսածին ծնողները». Թաթոյան
269
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 22:18

ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերոսածին մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի՝ միանգամից ձերբակալում կամ կալանք:
Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ, մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ՝ նրանց քաշքշելով դատական գործընթացներով՝ առանց որևէ ոստիկանի պատասխանատվության:
Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը:
Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները՝ բարոյական արժեքները:
Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´ք ձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելության խոսքի ահագնացած ալիքը, «կրակի վրա յուղ» լցնելը:
Քրեական վարույթ է նախաձեռնված, թո´ղ վարույթը տարվի ու եթե իրավական որակվող արարք է, թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը:
Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում»: