Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Հայ գաղթականների տարազները՝ Վարդգես Սուրենյանցի աշխատանքներում

Հայ գաղթականների տարազները՝ Վարդգես Սուրենյանցի աշխատանքներում
1016
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 22:48

Նշանավոր հայ նկարիչ, հայկական գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցն իր ստեղծագործություններում մշտապես անդրադարձել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած անմարդկային տառապանքներին։ Նրա բազմաթիվ աշխատանքներում կարելի է տեսնել անուղղակի և ուղիղ անդրադարձ համիդյան ջարդերին և հատկապես 1915 թվականի Մեծ եղեռնին։
1915-1916 թվականին մեծանուն նկարիչը գտնվում էր Էջմիածնում, որտեղ հավաքվել էին կոտորածից մազապուրծ մեծ թվով գաղթականներ։ Էջմիածնում նա անվանի հայագետ և միաբան Գարեգին Հովսեփյանի հետ անում էր ամեն բան, որպեսզի թեթևացնի գաղթականների հոգսերը։ Օգնելուց բացի, նա գաղթականներին և որբերին նկարում էր մատիտով, գուաշով կամ տեմպերայով։ Մոտ 40-ի հասնող էտյուդներում նկարիչը գեղեցիկ գույներով պատկերել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների գաղթականներին՝ իրենց ինքնատիպ տարազներով՝ այդպիսով մեզ փոխանցելով հայկական ազգագրական մշակույթի՝ անչափ կարևոր մասունքներ։
Էտյուդներում Շատախից, Կարինից, Վասպուրականից, Ալջևազից, Սասունից և այլ գավառներից գաղթած կանայք, տղամարդիկ և երեխաներ են, որոնք, թեև կրած տառապանքներին, մեզ ներկայանում են գունագեղ հագուստներով և մեղմ ժպիտով։
Հայ գաղթականների այս պատկերաշարը 1916 թվականին ցուցադրվել է Պետրոգրադում, որը գրեթե ամբողջությամբ ձեռք է բերել նավթաարդյունաբերող մեծահարուստ Ծատուրովը և նվիրաբերել տեղի հայերին։