«Բացեք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին». Հակոբ Բադալյան
387
Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 02:00
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախ է ասվում՝ ի՞նչ եք ուզում Արևմուտքից, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ըստ այդմ անվտանգության հարցում պարտավորություն ունեցողը՝ Ռուսաստանն է: Անկասկած իրավացի է, ու այդ առնչությամբ իրավացի են նաև Ռուսաստանին հասցեագրվող հարցադրումները: Բայց, այստեղ կան թերևս պարզ բաներ, որոնք պետք չէ նենգափոխել գիտակցաբար, կամ չնկատել՝ ակամայից: Եթե մենք Արևմուտքին ներկայացնենք անվտանգության հետ կապված պահանջներ, բնականաբար միանգամայն տրամաբանական է փաստարկը, որ Արևմուտքը չունի որևէ պարտավորություն: Բայց, հարցն այն է, որ Արևմուտքին ներկայացվում են և պետք է ներկայացվեն պահանջներ այն արժեհամակարգային և իրավա-քաղաքական «կանոնակարգերի» շրջանակում, որի շրջանակում օրինակ նույն Արևմուտքը հարկ եղած դեպքում շատ հանգիստ թիրախավորում է իր անմիջական քաղաքական շահից բխող դեպքերում, ստանձնելով ժողովրդավարության պաշտպանության պարտավորություններ: Ըստ այդմ, ներկայացվում են շատ պարզ պահանջներ՝ գնահատեք Ադրբեջանի գործողություններն ու արեք դրանից բխող քայլեր, ինչպես արել եք բոլոր այն երկրների դեպքում, որոնց պարագայում ընդհուպ միջամտել եք ներքին գործերին և պարտադրել ժողովրդավարություն՝ հիմնականում անհաջող, այդ երկրները պարզապես քաոսի վերածելու հետեւանքով: Դրան զուգահեռ, բացեք օրինակ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին: Ու այնտեղ կարդացեք՝ Հայաստանի, ու ԵՄ 28 անդամ երկրների ստորագրած ու վավերացրած փաստաթղթի պարբերությունը, որտեղ խոսվում է, թե ինչ սկզբունքներով են կողմերը մոտենում Լեռնային Ղարաբաղի հակամարտոությանը: Ու համեմատեք, այսօր ԵՄ քաղաքականությունը համահու՞նչ է այդ սկզբունքներին: Կրկնեմ, խոսքը փաստաթղթավորված, ԵՄ ստորագրությունն ու 28 անդամների վավերացումը վայելող փաստաթղթի, ոչ թե ինչ որ բաժակաճառի մասին է: Դա, այդ փաստաթուղթը, առաջացնու՞մ է որևէ պարտավորություն, թե՞ ոչ: Ըստ այդմ, պարտավորությունները չեն լինում միագիծ ու միանման: Դրանք տարբեր են, հետեւաբար պետք չէ ըստ քաղաքական ճաշակի կամ անձնական համակրանքի «համահարթեցնել» դրանք, ու ասել, թե Ռուսաստանն է անվտանգության պարտավորություն ունեցողը, Արեւմուտքից ի՞նչ եք ուզում: Այո, Ռուսաստանն է, որը չի կատարել, ու չի կատարելու, շատ պարզ պատճառներով, ինչի մասին ինքս առավել ինտենսիվ խոսել եւ գրել եմ դեռևս 2013-14 թվականներից, դրա համար արժանանալով ընդհուպ անձնական թիրախավորման: Բայց դա չէ հարցը: Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունը եւ հանրությունը բարձրաձայնում է այդ մասին, ու անկասկած շարունակելու է բարձրաձայնել: Բայց, կան փոխադարձ պարտավորությունների առնչվող այլ կատեգորիաներ, որոնք գտնվում են արևմտյան դաշտում, և Հայաստանի ու Արցախի շահը պահանջում է, որ մենք հանրայնորեն կարողանանք արտաքին դերակատարներից ամեն մեկին հասցեագրել իր պարտավորությունը, ոչ թե զբաղվել չար ու բարի միջնորդ փնտրելով կամ ընտրելով: Եվ, ավելորդ է խոսել, որ մենք պետք է հանրայնորեն կարողանանք առաջին հերթին հասցեագրել Հայաստանի կառավարության պատասխանատվությունը՝ պետության ներուժի և դրա դիվանագիտական կապիտալիզացիայի հարցում: Անխոս է, որ դա է արտաքին քայլերի արդյունավետության հիմքը»: