«Ի՞նչ կանեք, եթե հրամանատար լինեք ամրոցի, որին պաշարում է սպառնում». Կարեն Վրթանեսյան
302
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 21:00
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կանեք դուք, եթե հրամանատար լինեք ամրոցի, որին պաշարում է սպառնում։ Նախ՝ կսկսեք պաշարել սննդամթերք, դեղորայք, այլ անհրաժեշտ ապրանքներ։ Գոնե 1 տարվա, իսկ ավելի լավ է՝ 2–3 տարվա հաշվարկով։ Լրիվ իրատեսական է նույնիսկ 5 տարվա պաշար պահելը՝ անընդհատ թարմացնելով։ Երկրորդը՝ կպաշարեք վառելիք և այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, գոնե այնպես, որ բավականացներ կառավարման, կապի, առողջապահության, սննդամթերքի արտադրության և տրանսպորտի ոլորտներին (չգիտեմ, լսել եք, թե ոչ, բայց գոյություն ունեն այսպես կոչված էլեկտրամեքենաներ)։ Նաև կներմուծեք մեծ քանակով հեծանիվներ, այդ թվում՝ բեռնատար։ Դա հնարավորություն կտա առանց վառելիքի ծախսի մինչև մի քանի տասնյակ կգ բեռներ հեշտությամբ տեղափոխել ոչ մեծ հեռավորությունների վրա։ Երրորդը՝ կպաշարեք անհրաժեշտ գործիքներ, սարքավորում, պահեստամասեր, այլ նյութեր ամենօրյա կյանքում անհրաժեշտ մեխանիզմների վերանորոգման համար։ Նաև շինանյութ, ինչքանով որ հնարավոր է։ Չորրորդը՝ կսկսեք ամրապնդել հանրային համերաշխությունը։ Սրա համար շատ կարևոր է, որպեսզի վերնախավը հստակ ցույց տա, որ կիսում է ամրոցի մնացած բնակիչներին բաժին հասած բոլոր դժվարությունները։ Ավելին՝ վերնախավն իր երեխաներով պետք է լինի կամավորական աշխատանքների առաջնագծում։ Պատահական չէր, որ հնում պատերազմների ժամանակ, ազնվական ընտանիքներից կանայք և օրիորդները գնում էին որպես կամավոր բուժքույրեր վիրավորներին խնամելու, իսկ ազնվական ընտանիքների որդիները գնում էին պատերազմ։ Մեծ Հայրենականի ժամանակ էլ ԽՍՀՄ վերնախավի որդիները կռվում ու զոհվում էին մյուսների հետ հավասար։ Հինգերորդը՝ կբացատրեք հանրությանը, որ այն վայրկյանից, երբ պաշարման հեռանկարը դառնա իրական, ամրոցում դադարում են գործել ազատ շուկայական հարաբերությունները, որ բոլոր անհրաժեշտ ապրանքների պահեստավորումը և բաշխումը պետք է այսուհետ վերահսկվի և իրականացվի միայն պետության կողմից։ Սա այն բանի համար է, որպեսզի բացառվի հետագայում մի իրավիճակ, որում մի բնակիչ սոված է ու չգիտի, թե իր երեխայի համար որտեղից է հաց ճարելու վաղը, իսկ մյուսը «ԿԻնստագրամ»-ում ուտուշ-խմուշի ֆոտոներ դնի։ Արդար բաշխումը պետք է արվի կտրոնային համակարգի միջոցով։ Վեցերորդը՝ զինված ուժերի նախապատրաստությունը... Սա մի ամբողջ գրքի թեմա է, սրան հիմա չեմ անդրադառնում։ Կան նաև յոթերորդ, ութերորդ, ... տասնհինգերորդ ևն կետեր։ Եթե ամրոցի հրամանատարը՝ կանգնած լինելով պաշարման թեկուզ հիպոտետիկ սպառնալիքի առջև, վերոնկարագրյալից որևէ բան չի անում, ապա լուրջ հարցեր են առաջանում, թե ում շահերն է սպասարկում այդ հրամանատարը. իրենց կյանքերն իրեն վստահած մարդկա́նց, թե թշնամու»։