«Մեծ ականներ՝ Հայաստանի տակ, որոնք դեռ պայթելու են». Ո. Սարգսյան
350
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 21:30
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԵԾ ԱԿԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԿ, ՈՐՈՆՔ ԴԵՌ ՊԱՅԹԵԼՈՒ ԵՆ 2020թ․ աշնանը Ադրբեջանն Արցախում պատերազմ սանձազերծելով՝ պաշտոնապես պատերազմ չէր հայատարարել Արցախին (որին իր մասն է համարում) ոչ էլ՝ ՀՀ-ին։ 2020թ նոյեմբերի -ի եռակողմ հայտարարության 1-ին կետում նշված է․ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Նույն հայտարարության 6-րդ կետում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը ստորագրելուց առաջ այն կարդացե՞լ է, հասկացե՞լ է, թե ինչի տակ է ստորագրում, որ Հայաստանը, ոչ թե ԼՂՀ-ն, պաշտոնապես համարվել է զինված հակամարտության կողմերից մեկը, որի զորքերը, ոչ թե Արցախի ինքնապաշտպանության ուժերն են զբաղեցրել Քելբաջարը, Լաչինի միջանցքը և այլ տարածքները։ Հայաստանում որևէ տեղ կա՞ այդ փաստաթղթի բնօրինակը, կա՞ տեսանյութ, լուսանկար, որտեղ երևում է, որ Նիկոլ Փաշինյանն այն ինչպես է ստորագրում ։ 2022․թ, հոկտեմբերին Պրահայում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, այսինքն՝ Հայաստանը ագրեսոր երկիր է, որը Ադրբեջանի տարածքում պատերազմում էր այդ երկրի դեմ։ Դրա ծանր հետևանքների մասին Հայաստանում այնքան էլ չեն խոսում, սակայն այդ հետևանքներն անխուսափելի են, դրանք մեծ ականեր են, որ դեռ պայթելու են։ Արցախում կռված բոլոր ազատամարտիկները Ադրբեջանի կողմից կարող են համարվել ահաբեկիչներ, նրանց դեմ, քրեական գործեր կարող են հարուցել, միջազգային հետախուզում կարող է հայտարարվել, Ադրբեջանի կողմից Հայաստանին արդեն իսկ ներկայացվել են Ադրբեջանի հանքերն ապօրինի շահագործելու, շրջակա միջավայրին պատճառված վնասների վերաբերյալ դատական հայցեր, որոնց դիմաց փոխհատուցման պահանջը կարող է կազմել 100-200 միլիարդ դոլար։ Դրանք բոլորը՝ հեչ, ՔՊ-ական իշխանության համար կարևորը Գյումրիում վաղը մեկնարկելիք համահայկական խաղերն են ու սեպտեմբերի 13-ի Երևանի ավագանու ընտրություններով Տիգրան Ավինյանին քաղաքապետ սարքելն է»։