«Պետք է գործի պետությունը, որը չի գործում». Մհեր Հակոբյան
229
Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 21:54
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե խնդիր կա ունենալ մարդկային մեծ խմբերի արդյունավետ գործունեության դրություն, ապա դրա կազմակերպման ԱՄԵՆԱԷՖԵԿՏԻՎ ՁԵՎԸ պետությունն է: Հենց պետությունն է կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը մարդկային մեծ խմբերին թույլ է տալիս գործել առավել արդյունավետությամբ, կիրառել բոլոր հնարավորությունները և ունենալ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ, սա ընդունենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն: Մեր այս ծանր վիճակում հայ ժողովրդի, որպես մարդկային մեծ խմբի, կազմակերպման ամենաարդյունավետ ձևը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որն ունի ռեսուրսներ և տեղեկատվություն, ինչպես նաև կազմակերպչական ու կառավարչական միջոցներ և փորձ: Սրանից դուրս ցանկացած կազմակերպական ձև, ինչ էլ որ այն լինի, իր արդյունավետությամբ զիջելու է նախորդին: Այո, կարող են լինել արդյունավետության որոշակի աստիճան ունեցող կազմակերպման այլ ձևեր ևս, երբ, օրինակ, գործին ձեռք կզարկի, ասենք, հսկայական ռեսուրսներ ունեցող մի ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ: Նույնիսկ այս դեպքում, սակայն, զիջում լինելու է, ընդ որում դա դեռ չասած այն պարագայում, որ այդ դեպքում փաստորեն կսկսի գործել «զուգահեռ պետություն», իսկ դրան էլ դեմ դուրս կգա արդեն նույն Հայաստանի Հանրապետությունը՝ խանգարելով և լրացուցիչ իջեցնելով վերջինիս արդյունավետությունը: Օրինակ բերեմ, որ պարզ լինի. եթե հիմա մի որևէ հայ մեծահարուստ զինված բանակ կազմի և փորձի բացել Լաչինի միջանցքը, նա ոչ միայն որևէ կերպ գործնականում չի հասնի պետական մակարդակին և որպես թշնամի կունենա Ադրբեջանին, այլև նրա դեմ կսկսի ՊԱՅՔԱՐԵԼ ՆԱԵՎ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մեկ տարածքում կարող է լինել միայն մեկ պետական իշխանություն: Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունն էլ պատրաստ կլինի համակերպվել այդ «զուգահեռ ուժի» հետ առավելագույնը ՄԻՆՉԵՎ ՄԻ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆ, երբ այդ «զուգահեռ ուժը» հսկելի չափի թույլ կլինի և իրեն չի սպառնա: Դրանից այն կողմ՝ վերջ, պետությունն այդ ուժին կոչնչացնի: Կրկին օրինակ՝ պետությունը համակերպվում և նույնիսկ խթանում է տարատեսակ «ՈՄԱ»-ների գործունեությունը, որովհետև դրանում իր իշխանության համար վտանգ չի տեսնում, սակայն մյուս կողմից էլ նույն այդ «ՈՄԱ»-ները այդ պարագայում ՉԱՓԱԶԱՆՑ ԹՈՒՅԼ ԵՆ՝ որևէ ինքնուրույն նշանակություն ունենալու և մանավանդ Լաչինի միջանցքի բացման տիպի խնդրներ լուծելու համար: Ես, ինչպես նաև իմ սոցիալական ստատուսն ունեցող ցանկացած մեկը սովորական, միջին վիճակագրական հնարավորություններով օժտված մարդիկ ենք, որ այս ծանր վիճակում կարող ենք անել… ԳՐԵԹԵ ՈՉԻՆՉ: Խոսել հանրային լսարան ապահովող Ֆեյսբուքում և երբեմն հարցազրույցներ տալ, սրանից ավել մեր տիպի մարդիկ անել ուղղակի ոչինչ չեն կարող: Իհարկե, կարող ենք նաև իջնել փողոց և գոռալով վազել, ԽԵԼԱԳԱՐԻ ՆՄԱՆ ԱՂԱՂԱԿԵԼՈՎ մեր օրհասական դրության մասին, բայց դրանից էլ օգուտ չի լինի: Ու դա դեռ չասած, որ մենք նաև բազում կենցաղային խնդիրներ ենք լուծում և ի վերջո՝ տարրական փող ենք աշխատում՝ մեր ու մեր ընտանիքի կենցաղային գոյատևման համար: ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ որպես հայ ժողովրդի կազմակերպման բարձրագույն ձև, սակայն մի շարք պատճառներով, որոնց մասին այժմ չեմ խոսի, այն չի գործում: Ի՞նչ անել»: