Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի». ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի». ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ
258
Երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ., 11:24

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել BBC-ի Newshour ռադիոծրագրին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով այնտեղ օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին, որի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար:

Ըստ Մարգարյանի՝ Հայաստանը միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ Արցախում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից կենսաապահովման կարևոր ուղու (Լաչինի միջանցքի) փակումը պայմաններ է ստեղծել մարդածին մարդասիրական աղետի համար:

«Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից: Եվ մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իրականացնի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մարգարյանը:

Նա հիշեցրել է, որ ոչ միայն Հայաստանն է դիմել Ադրբեջանին՝ ճանապարհը բացելու հարցով, այլև Միջազգային քրեական դատարանն է փետրվարին հրապարակել միջանկյալ միջոց, իսկ հուլիսին վերահաստատել այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն է արել՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը՝ վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Շատ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մենք նաև մեկ ամիս առաջ դիմել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ մասնավորապես խնդրելով հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։

Նույնիսկ Միջազգային Կարմիր Խաչին է արգելված մուտք գործել այս տարածք: Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ գրել են, հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։ Միջազգային հանրությունը պարտավորություն ունի կանխելու նման հանցագործությունները»,- հայտարարել է Մարգարյանը:

Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ից Հայաստանի սպասելիքների մասին՝ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցն իր գործիքակազմում տարբեր միջոցներ ունի: Ըստ նրա՝ ամենահարմարը կլինի բանաձևը, որը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին կլիազորի գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանը հասցնել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ Նա հիշեցրել է, որ մարդասիրական ուղեբեռն արդեն երկու շաբաթ կանգնած է սահմանին:

Մարգարյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։

«Լեռնային Ղարաբաղի մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում, միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա՝ զանգվածային վայրագությունները հիմա կանխելու համար»,- նշել է պաշտոնյան: