Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա մենք չենք, և մենք՝ սա չենք». Հակոբ Բադալյան

«Սա մենք չենք, և մենք՝ սա չենք». Հակոբ Բադալյան
377
Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 03:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածված տեսանյութը նողկալի է: Հանցագործը պետք է ենթարկվի ամենախիստ պատժի: Այս առնչությամբ թերևս խոսելը պարզապես ավելորդ է:
Բայց, երևի ավելորդ չէ խոսել մի երևույթի մասին՝ «ինքնախարազանում», երբ այդօրինակ նողկալի դեպքերը վերածվում են հասարակական «մազոխիզմի», երբ նույնիսկ շատերը թերևս սկսում են լավ զգալ իրենց իսկ այն գնահատականներից, թե՝ սա ենք մենք:
Ընդ որում, որպես կանոն, իհարկե, անձամբ իրենք իրենց դուրս են դնում այդ «մենք»-ից, և սովորաբար այդ շերտը կազմում են «փարիսեցի», «քաղքենի», «սնոբ» խմբեր: Ավելին, նողկալիությունները նրանց համար կարծես թե ենթագիտակցորեն «սպասված» առիթներ են՝ իրենց հոգեբանական «սեպարատիզմը» հիմնավորելու համար, հայ հանրության մեջ իրենց գոյությունը մատուցելով իբրև այդ հանրությանը մատուցվող մի մեծահոգի զոհաբերություն:
Այս երևույթին թերևս ավելի դիպուկ բնորոշում ու բացատրություն կտան մշակութաբանները, հոգեբանները, հասարակագետները:
Գործնականում, տեսանյութում տարածված նողկալիությունները՝ իրենց տարբեր դրսևորումներով, հաճախ ավելի ծայրահեղ, պաատահում են բոլոր հասարակություններում էլ, այդ թվում նրանց, որոնք համարվում են արդիական քաղաքակրթության տիպական օրինակներ:
Սա մենք չենք, և մենք՝ սա չենք:
Հետևաբար, դատապարտելով նողկալի հանցանքը, ավելի լավ է ամբողջ էներգիան և միտքը ուղղել այդ երևույթների հանդեպ հանրային օրգանիզմի կանխարգելիչ-դիմադրողականության բարձրացման շուրջ խորհելուն, ոչ թե հանրային «ինքնախարազանման» արհեստական խթանմանը, թե՝ «սա ենք մենք», իրականում ոչ այնքան ցավելով տեղի ունեցածից, այլ ընդամենը բավարարելով քաղքենիությունից կամ սնոբիզմից բխող սեփական ենթագիտակցական և հոգեբանական վաղեմի դիսկոմֆորտից սերող նեղություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան