Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է»․ Արշակ սրբազան

«Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է»․ Արշակ սրբազան
632
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 21:30

Վերջ ի վերջո, պետք է հասկանալ՝ այս երկրում իշխանություններ գոյություն ունե՞ն։ Այս երկրում ոստիկանությունը գոյություն ունի միայն նրա համար, որ այլախոհությո՞ւնը ճնշի, թե՞ ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է որոշակիորեն կոչված լինի նախ գույքագրելու, ֆիքսելու այն բոլոր անձերին, ուժերին, որ վնասում են քո ինքնությանը, քո ազգային պետություն կերտելու գաղափարն աղճատում են, խոչընդոտում են։ Քանի դեռ իրավապահ համակարգը, պետությունը, իշխանություններն այս գիտակցությունը չեն դրսևորելու, եկեղեցին իր ներքին ռեսուրսներով չի կարող հասարակական բոլոր պրոցեսները վերահսկել և համարժեք արձագանքել։ Ուղղակի չունի այդ գործիքը: Այդ մասին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ի՞նչ են անում իշխանություններն աղետները կանխելու համար, ուղղակի վեր են կենում ու հայտարարում, թե այսօր Արցախի հայության կյանքին այս րոպեին սպառնացող վտանգ չկա՞։ Դուք երևի տեսաք հայտնի անձի հարցազրույցը, որտեղ ասում է՝ այս պահին Արցախի հայության կյանքին սպառնցող անմիջական վտանգ չկա։ Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ գիտես, ի՞նչ գիտես, որ չկա, երբ տակավին գոյություն ունեն հազարավոր անհետ կորածներ։ Մենք մինչև հիմա չգիտենք ինչքան կորուստ ունենք, գյուղեր կան, որոնց բնակիչների վերաբերյալ բացարձակ տեղեկություն չունենք, ի՞նչ գիտենք իրենց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, ո՞ւմ ջրաղացին ենք մենք ջուր լցնում։ Հիմա էս վիճակում մարդիկ ինչպե՞ս կառավարեն հույզերը»,- ասել է նա։

«Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է»,- ասել է նա։

Սրբազանի խոսքով, Հայաստանի իշխանությունը բոլոր պայմանները պետք է ապահովի Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող մարդկանց համար։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը։ Վերջին իրադարձությունները դրա ապացույց են»,- ընդգծել է նա։