«Սյունիքի գրավումը լինելու է, Սևանի զավթումը լինելու է»․ Հայկ Մարտիրոսյան
713
Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 19:36
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ բաներ կան ասելու: Բազմաթիվ մտքեր, վերլուծություններ: Բայց չեմ ասում: Իմաստ չունի: Ոչինչ այլևս իմաստ չունի: Կասեմ հետևյալը. Սյունիքի գրավումը լինելու է: Սևանի նախ՝ մասնակի, ապա ամբողջական զավթումը լինելու է: Դրան հաջորդող Երևանի անկումն ու հայկական պետականության կործանումը լինելու են: Դրան չի կարողանալու խոչընդոտել ԱՄՆ-ը: Չի կարողանալու խոչընդոտել Ֆրանսիան: Իրանը, որի վրա այնքան հույս են դնում մակերեսայինները, բացարձակապես ոչինչ ոչ միայն չի անելու, այլև մեծագույն ցանկության պարագայում չի կարողանալու անել: Ինչու: Որովհետև Հայաստանի ներսում չկա ոչ մի ցանկություն դիմադրելու: Որովհետև նաև ռազմավարը թշնամու համար լինելու է ամենամեծը՝ 1453թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո ամենախոշորը, ամենաարժեքավորը, ամենաանգնահատելին: Թուրքական նոր՝ մետրոպոլիական հայրենիքի ստեղծման հազարամյա գործընթացը Երևանի անկմամբ ավարտվելու է և սկսվելու է համաշխարհային հեգեմոնիայի համար աշխատանքը: Դա անչափ, աննկարագրելի կարևոր և պատմությունաշրջիչ կետ է, որը ոչ մի դրսի խաղացող չի կարողանալու կասեցնել, եթե Հայաստանի ներսում ոչ մի դիմադրություն չկա: Իսկ դիմադրությունը զրոյական է: Կամքը զրոյական է: Ոգին զրոյական է: Տեխնիկապես Հայաստանի մոտալուտ կործանումը կարող է և թերևս հետևյալ տեսքը կունենա. Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի հատվածից ռազմակալում են Երասխը: Սյունիքը կտրվում է: Սոթքի կողմից իջնում են դեպի Սևան և մինչև Դիլիջանի խաչմերուկ ռազմակալելով՝ պարալիզացնում են կապը Վրաստանի հետ: Տավուշում գրավում և փակում են հիմնական մայրուղին: Երասխից Նախիջևանի բանակի տանկային զորամիավորումները շարժվում են Երևանի վրա: Ճանապարհին թեթև դիմադրությունն արագ ճնշվում է օդից: Տանկերը մտնում են Երևան: Մի քանի տանկ կանգնում է Հանրապետության Հրապարակում, մի քանիսը՝ Ազատության Հրապարակում: Ճանապարհին կալաշնիկովով, խոհանոցում պատրաստված ձեռնառումբերով, պարսատիկներով և ռեստորանային դանակներով զինված մի քանի հայերի դիմադրությունը արագ վերափոխվում է նվաճողների հաղթական երթի, որ անցնում է ճանապարհին թափված ու նոր արթնացած՝ և գմբեթ կառուցող, ՈՄԱ պարապող, կարատե սերտողների հերոսական ու վայրկենական նահատակությամբ: Հայաստանի կառավարիչն արագ ստորագրում է անվերապահ կապիտուլիացիայի և պետության լուծարման հռչակագիր՝ հայտարարելով թե Երևանի անկմամբ փրկում է հայությանն ու շանս տալիս ազգին չկործանվելու: Ադրբեջանը ստանձնում է Հայաստանի պրոտեկտորատը և սկսում «ինտեգրացիայի» գործընթաց: Երևանը անմիջապես սկսում է դառնալ Ստեփանակերտ: Միլիոնավոր հայեր բռնում են իրենց պատմության մեջ վերջին եղերական գաղթի ճամփան: Եթե այս սցենարը ֆանտաստիկա է թվում՝ մտածեք ևս մեկ անգամ: Թուրքական հազարամյա երազանքի լիակատար իրագործումը մոտ է առավել քան երբևէ: Հայաստանի բնակչությունը հանձնված է և չունի դիմադրելու ցանկության հյուլե անգամ, Հայաստանի ղեկին թյուրքական աշխարհի՝ պատմության մեջ լավագույն դաշնակիցն է և Բաքվի գործընկերը, Հայաստանը չունի զինվորականություն, չկա գեթ մեկ իր պարտքը կատարող զինվորական, Հայաստանը չունի գեթ մեկ պաշտոնական իրական դաշնակից, որովհետև որոշել է, որ իրեն դաշնակից պետք չէ, Հայաստանի աշխարհագրական և քաղաքական դարպասներն այլևս լայն բացված են որէ նվաճողի առջև: Անհրաժեշտ է պարզապես ապիկար հիմար լինել՝ այս պայմաններում Հայաստանը չգրավելու և հայկական պետությունը չկործանելու համար: Իսկ նվաճողը շատ հեռու է ապիկար և հիմար լինելուց: Նա հաշվարկող, ռազմավարական խորագույն մոտեցումներ որդեգրած կամային ուժ է, որի գաղափարական առանցքը սեփական պետականաշինությունն ու իր տխմար զոհի վերջնական և հիմնահատակ պետականաքանդությունն է: Եթե հայ ժողովուրդն իր լռությամբ համաձայնության մանդատ է տվել իր կառավարչին՝ հանձնելու երկիրը և ինքն էլ բացարձակ անգործությամբ մասնակցում է դրան՝ Հիսուսն անգամ անկարող է լինելու պահպանել Հայաստանի պետությունն ու ժողովրդին, եթե հենց վաղը երկրորդ գալստյամբ փորձի փրկել քրիստոնեությունն առաջինն ընդունած այս երկիրը: Մեծ հաշվով ամեն բան այլևս հստակ է: Չկա փրկություն: Լինելու է միայն ավելի վատ: Առաջիկայում կլինի հարձակումը: Գուցե մի փոքր այլ ընթացքով և հաջորդականությամբ, բայց հարձակումն անխուսափելի է: Անխուսափելի է նաև պետության և պետականության կործանումը: Որևէ այլ կանխատեսում անողները կամ հույս տվողներն ազնիվ չեն: Ստում են: Խաբում են կա՛մ իրենք իրենց, կա՛մ հանրությանը: Ամեն դեպքում՝ անգամ հանրային շահը իբր հաշվի առնելու բացատրմամբ ստելը ստոր հանցավորություն է և դեմ է նույն հանրային շահին: Ճշմարտությունը մենք ատում ենք, բայց ճշմարտությունն ատելուց կամ այն ինքնախաբեական ստով անտեսելուց՝ իրականությունը չի փոխվում: Եվ չի փոխվելու: Սրանք Պոմպեյի վերջին օրերն են: Հրաբուխը ժայթքել է արդեն: Մագման ու ավազը շուտով ծածկելու են մեզ: Հաստ շերտով: Եվ ընդմիշտ»։