Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մի քանի նկատառում». Հակոբ Բադալյան

«Մի քանի նկատառում». Հակոբ Բադալյան
294
Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի ինչի՞ն էր պետք այդպես դաժանորեն հարվածել Գազայի հիվանդանոցին և ստեղծել մի իրավիճակ, երբ անգամ իրեն աջակցող կամ դաշնակից պետություններն ու կազմակերպությունները ստիպված պետք է դատապարտեին այդ անմարդկային գործողությունը:
Ընդ որում, ուշադրության է արժանի, որ դա տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Բայդենի Իսրայել այցից առաջ:
Մի քանի նկատառում: Նախ, Գազայի հիվանդանոցին հարվածով՝ այցից առաջ Բայդենի առաջ բավականին «խոցելի» վիճակում է հայտնվում Նաթանյահուն: Մյուս կողմից, Հորդանանը,Պաղեստինն ու Եգիպտոսը հրաժարվում են Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպումից, իսկ դա որոշակի անհարմար վիճակի է ստեղծում ԱՄՆ նախագահի համար:
Հարց է առաջ գալիս, թե ի՞նչն էր ավելի ծանր կշռող՝ Նաթանյահուին անհարմար դիրքում դնելը, թե՞ Բայդենի համար անհարմար վիճակ ստեղծելը, եթե հաշվի առնենք նաև այն, որ տեղի ունեցած դաժանությունը արաբական հանրություններում սրել է ոչ միայն հակաիսրայելյան, այլ նաև հակաամերիկյան տրամադրություն: Իսկ դա էլ իր հերթին հարաբերականություն է հաղորդում Նաթանյահու-Բայդեն փոխհարաբերությանը: Հատկապես, որ քաջածանոթ փորձագետները պարբերաբար խոսում են նրանց միջև խորը անհանդուրժողության մասին, որը բնականաբար չի արտահայտվում շփումների եւ արարողակարգի ընթացքում:
Մյուս կողմից, եթե հարվածողն Իսրայելը չէր, ապա ո՞վ էր: Ժամանակակից տեխնոլոգիական պայմաններում առաջատար երկրների համար թերևս դժվար չի լինի պարզել, թե հատկապես որտեղից արձակված հրթիռ է խոցել հիվանդանոցը:
Հետևաբար, կամ Իսրայելը թույլ է տվել վրիպում՝ շեղվելով թիրախից, կամ եղել է թիրախի մասին սխալ պատկերացում, այսինքն չեն իմացել, որ դա հիվանդանոցն է:
Մյուս կողմից, այստեղ կա թերևս մեկ այլ կողմ կամ հանգամանք: Չի բացառվում, որ Իսրայելը այդ դաժանությամբ պարզապես «ստուգում» է ռեակցիաներ, այդ թվում ՀԱՄԱՍ-ի, կամ Գազայի աջակցության դիրքերից ելույթ ունեցող երկրների:
Իսրայելը ցույց է տալիս, որ ինքը կանգ առնող չէ, անգամ այդպիսի դաժանության պարագայում, և փաստորեն մյուսներին դնում «փաստի» առաջ՝ կգնա՞ն որեւէ քայլի ռիսկի, թե՞ միայն խոսում են: Քաղաքականության մեջ դա ևս շատ կարևոր հոգեբանական-մտածողական ասպեկտ է:
Օրինակ, Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ Իսրայելի ռեժիմը ԴԱԻՇ-ից էլ ատելի է և պետք է միավորվել դրա դեմ՝ «ժամանակը սպառվել» է: Հարց է առաջանում, և՞, ի՞նչ է այդ խոսքից հետո: Մեծ հաշվով, Գազայի հիվանդանոցի թիրախավորումը փաստորեն սրում է նաևհենց այդ հարցը:
Միով բանիվ, շերտերը իսկապես շատ են, և բավականին լայն է տեղի ունեցողի տարատեսակ շահառուների շրջանակը: Ավելորդ է խոսել տեղի ունեցողից՝ Կովկասի համար սրվող ռիսկերի մասին:
Իսկ այդ առնչությամբ ուշադրության է արժանի նախօրեին նույն Իրանի արտգործնախարարի հեռախոսազանգը Երևան, որ ժամանակագրական առումով կարծես թե տեղի է ունեցել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից առաջ և անկասկած վերաբերել է շատ կոնկրետ հանգամանքների»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան