Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Գործող իշխանությունների կողմից արցախցիների վրա թքած ունենալու նուրբ արվեստի հերթական դրսևորումը». Սոս Հակոբյան

«Գործող իշխանությունների կողմից արցախցիների վրա թքած ունենալու նուրբ արվեստի հերթական դրսևորումը». Սոս Հակոբյան
233
Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 02:06

Իրավաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ լուրջ է վիճակը արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Խոսքն իհարկե առաջին հերթին ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, այլ հազարավոր հանրային ծառայողների, մասնավոր կազմակերպություններում աշխատողների, որոնք կարող են ունենալ չստացած աշխատավարձեր, հաստատապես չեն ստացել իրավիճակին համարժեք արձակման նպաստներ։
ՀՀ կառավարության կողմից տրվող փոքր փոխհատուցումները չեն կարող համարժեք լինել մեկ օրում տունն ու տեղը, խնայողությունները, աշխատանքը և սոցիալական միջավայրը կորցրած 100.000-ից ավել մեր հայրենակիցների համար։
Սա գործող իշխանությունների կողմից արցախցիների վրա թքած ունենալու նուրբ արվեստի հերթական դրսևորումն է, այն իշխանությունների, ում ընդունած որոշումներն են հանգեցրել այս աղետին։
Այնուամենայնիվ, անձնական կարծիքս այն է, որ Արցախից Հայաստան տեղափոխված Արցախի պաշտոնյանները պետք է միասնաբար հանդես գան և դիրքորոշում ձևավորեն գոնե նշված հումանիտար-սոցիալական հարցերի վերաբերյալ։ Ըստ իս, նրանք շարունակում են կամ պետք է շարունակեն որոշակի բեռ և պատասխանատվություն ստանձնել արցախցիների համար, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից ապազգային վարքագիծը հաշվի առնելով։
Բնական է, որ նրանք այլևս չունեն կարգադրիչ կարողություններ, ոստիկանություն, բյուջե և այլ պետական պաշտոնյաներին հատուկ գործիքներ։
Խոսքը առնվազն գնում է ՀՀ իշխանություններից պահանջ կամ պահանջներ ձևավորելու դիրքորոշման մասին։ Գուցե մի օր ասեն, որ ոչ հրապարակային դաշտում բանակցում են այդ հարցերով, դա էլ կլինի ընդունելի, եթե բերելու է արդյունքների, բայց եթե ոչ պետք է համարձակություն ունենան և իրենց քայլերի, աշխատանքի և ՀՀ իշխանությունների իներտ արձագանքի մասին մի օր հրապարակային հանդես գան, որովհետև շարունակում են մնալ քաղաքական գործիչներ, ում հետ մարդիկ հույսեր են կապում մինչև հիմա (ապացույցը՝ այսօր Արցախի ներկայացուցչության շենքի դիմացը հավաքված մարդկանց ջղյանությունը և հուզմունքը)։
Իհարկե դրա համար նախևառաջ պետք է աշխատանքը տանել, դիրքրոշման շուրջ համախմբել ոչ միայն արցածցիներից կազմված սոցիալական շերտեր, կարողություններ ունեցող անհատներ և այլն։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչները սա կարդալով գուցե որոշ դեպքերում արդարացիորեն մտածեն, թե բա մենք ոնց ապրենք, որ այս գործունեությունը ծավալենք, պետք է ի վերջո մենք էլ ունենանք որոշակի եկամուտ նվազագույն կարիքները հոգալու համար։
Վստահ եմ, եթե Արցախի հարցի շուրջ, արցախցիների իրավուքների պաշտպանության շուրջ նշածս մարդիկ կարողանան ձևավորել գործունյա թիմ՝ ապա հիմնադրամ կամ այլ կամզակերպություն գրանցելու միջոցով հնարավոր կլինի ոչ անտարբեր հայերից , որոնք քիչ չեն, հավաքել հանգանակություններ և ծավալել հնարավորինս պատվաբեր գործունեություն։ Ինքս, որպես ՀՀ քաղաքացի պատրաստ կլինեմ իմ համեստ եկամտից մի քանի տոկոս ամսեկան վճարել, որպեսզի Արցախի սուբյեկտայնության էլեմենտները շարունակեն ապրել, քանի դեռ ՀՀ-ում չկա իշխանություն, որը այդ գործունեությունը կդնի պետական աջակցության ռելսերի վրա։
Նշածս ունի իմաստ, անկախ նրանից, թե ինչ լավ կամ վատ վերաբերմունք ունեմ ես կամ մեկ ուրիշը որպես քաղաքական դեմքերի նույն Սամվել Շահրամանյանին կամ մյուսներին։ Հարցը դրա մասին չէ, հարցը արցախահայության՝ որպես հասարակություն կազմակերպվածությունը որոշակի չափով և եղանակով պահպանելու մասին է»:

Աղբյուրը`   Սոս Հակոբյան