«Ունեցեք համարձակություն և ընդունեք Ձեր սխալներն ու վրիպակները». ուրարտագետը` Սմբատ Հովհաննիսյանին

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայեցի մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանի հարցազրույցը rearrange հարթակում: Ինձ համար այդ հարցազրույցում բավական կառուցողական կետեր կան: Սակայն, չեմ կարող ընդունելի համարել, երբ գիտնականը, չլինելով տվյալ ոլորտի մասնագետ, իրեն իրավունք է վերապահում անել վստահ պնդումներ:
Խոսելով 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած Ուրարտուի քարտեզի մասին, Սմբատ Հովհաննիսյանը հայտնում է, որ այո, իրենք ընդունել են, որ դասագրքում եղել է սխալ և այնտեղ պետք է լիներ Իշպուինի արքայի ժամանակաշրջանի քարտեզը: Այն, որ այդ քարտեզը լի է բազմաթիվ անճշտություններով, կոպիտ սխալներով, անդրադարձել եմ իմ նախկին գրառումներում և հարցազրույցներում:
Պարոն Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշում է (1:09 րոպե), որ Իշպուինին և անգամ Մենուան մաքսիմումը հասել են Արաքս գետ և Էթիունի պետությունը իրենք չեն նվաճել…
Հարգարժան պարոն Հովհաննիսյան, իսկ ներկայիս Իրանի իսլամական հանրապետության Ուրմիա լճից արևմուտք ընկած տարածքները Իշպուինին և Մենուան չէ՞ին նվաճել, որ չեք տեղադրել քարտեզում: Քանի որ Ձեր դասագրքի մի զգալի շարադրանքը, գոնե հնագույն շրջանի վերաբերյալ գրված է զուտ այս կամ այն ենթադրության, վարկածի և նույնիսկ հիպոթեզի վրա, իսկ գուցե լսած լինեիք, որ կան նաև բավական հետաքրքիր ենթադրություններ, որ Արտաշատի ուրարտական ժամանակաշրջանի կառույցները հիմնվել են Մենուայի կողմից: Այժմ, Արաքսն անցնել-չանցնելու մասին: Ամենայն հավանականությամբ, նույն Իշպուինին և Մենուան հասել են առնվազն մինչև Սյունիք: Վերին Անձավի պեղումների ընթացքում՝ տաճար տանող մուտքի մոտ, գտնվեցին խիստ վնասված բրոնզե շղթայի օղեր: Հետագայում Ստամբուլի համալսարանի լաբորատորիայում իրականացված արդյունքների ժամանակ պարզ դարձավ, որ օղերն արձանագիր են և ունեն հետևյալ տեքստը. «Խալդի աստծուն՝ տիրոջը, նվիրեցին Իշպուինին՝ Սարդուրիի որդին, Մենուան Իշպուինիի որդին և Ինուշպուան՝ Մենուայի որդին, երբ նրանք երկիրն Ամուշա քաղաքի նվաճեցին»:
Ինչպես տեսնում ենք, արձանագրությունը վկայում է Ամուշա քաղաքի երկրի նվաճման մասին: Հետաքրքիր է, որ այս տեղանունը հիշատակվում է նաև ավելի ուշ ժամանակաշրջանի միապետ՝ Արգիշթի II-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից արևմուտք տեղակայված Թանահատի շրջակայքում՝ խաչքարերի շարքում հայտնաբերված երկկողմանի ուրարտական արձանագրության մի հատվածում: Ըստ հեղինակավոր ուրարտագետներ Նիկոլայ Հարությունյանի՝ Ամուշան պետք է տեղեկայաված լիներ Սյունիքում, իսկ աշխարհի ամենահայտնի ուրարտագետներից Միրյո Սալվինին Ամուշայի տեղորոշումը ենթադրում է Արցախի տարածքում (Salvini M., The Eastern Provinces of Urartu and the beginning of History in Iranian Azerbeijan, in Studies in Honour of Altan Çilingiroğlu, A Life Dedicated to Urartu on the Shores of the Upper Sea (ed. E.Abay et al), Istanbul, 2009, p., 505):
Ամենայն հավանականությամբ, վերը նշված օղերն էլ ավար են վերցվել Ամուշա քաղաքի երկրից և նվիրաբերվել տերության գերագույն աստված Խալդիին ու վերջինիս տաճարին:
Հարգելի պարոն Հովհաննիսյան, շատ հետաքրքիր է, ինչո՞ւ հենց Իշպուինիի քարտեզը: Ինչո՞ւ չեք տեղադրել, օրինակ, Արգիշթի Մենուայորդու և կամ նրա որդու Սարդուրու ժամանակաշրջանների քարտեզը, երբ աշակերտները կարող են հստակ պատկերացում կազմել տերության սահմանների մասին: Ինչո՞ւ մի տող չեք գրել Էրեբունի Երևանի մասին:
Սա Ձեր գիտական հոդվածը չի, սա դասագիրք է: Խնդրում եմ Ձեզ, ունեցեք համարձակություն և ընդունեք Ձեր սխալներն ու վրիպակները, դիմեք ուսուցիչներին և աշակերտներին և տեղադրեք նորմալ քարտեզներ: Շատ շուտով կանդրադառնամ դասագրքում տեղ գտած մեկ այլ քարտեզի և դրան առնչվող սխալներին»:

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
5719:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
17902.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
45127.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
60125.05.2026, 19:12
2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
88719.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
84919.05.2026, 09:12
««Ուժեղ Հայաստան»-ը երաշխավորում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում և անվճար բարձրագույն կրթություն». Գոհար Ղումաշյան
96618.05.2026, 02:12
«Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. դուք լրիվ իմ հետևից եք ընկել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
113915.05.2026, 12:12