«Հեղինակին պետք է հուշել, որ դասագրքի գոնե քարտեզներն արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին». Միքայել Բադալյան
1418
Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 10:06
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին 7-րդ դասարանի դասագիրք Մեկ այլ քարտեզ, էջ 55-ում ներկայացված է քարտեզ, որը կարծես թե ունի հետևյալ վերնագիրը՝ Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար Աքեմանյան տերության դեմ (Ք. ա. 522-521): Քարտեզի հեղինակը մոռացել է նշել Ք. ա. 522-521 թթ., բայց դա վրիպակ է, կարող է լինել: Հիմա քարտեզի բովանդակության մասին: Քարտեզում ցույց է տրվում Բեհիսթունի արձանագրությունում վկայված հայերի ապստամբությունն ու պայքարը Աքեմենյան տերության դեմ, հայերի և աքեմենյան տերության զորքերի տեղաշարժը, նրանց միջև եղած ճակատամարտերի վայրերը և անգամ Բեհիսթունյան արձանագրության այդ համատաքստում հիշատակված տեղանունները: Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը իհարկե կարող է բերել այս կամ այն հետազոտողի աշխատություններ և ասել, ահա, այս քարտեզի կազզման համար օգտվել եմ այս կամ այն գիտնականի ուսումնասիրություններից: Բայց, այստեղ կա մի կարևոր դիտարկում: Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունում հայերի ապստամբության համատեքստում հիշատակված և քարտեզում մատնանշված տեղանուններից գրեթե ոչ մեկ տեղորոշումը հստակ չէ: Այո, կան տեսակետներ, սակայն, դպրոցական գրքի քարտեզ կազմելիս տուրք տալ այս կամ այն տեսակետին կամ վարկածին, իմ կարծիքով, մեղմ ասած այդքան էլ կոռեկտ չէ: Այդ տեղանուներից առավել հստակ տեղորոշում ունի Իզալան: Մնացած բոլոր տեղորոշումները արված են զուտ ենթադրությունների վրա: Քարտեզի վրա նշված են Տիգրան, Զուզան, ՈՒյաման և Աուտիարան: Մինչդեռ Աուտիարան երկրանուն է կամ աշխարհագրական տարածքի անուն և այն այդքան էլ ընդունելի չի նշել մեկ շրջանաձև նշանով: Քարտեզի վրա ցույց է տրված թե իբր հայոց զորքերը Արմավիրից տեղաշարժվում են դեպի լեռնաշխարհի հարավ, ինչն ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին չկա որևէ ուղիղ սկզբնաղբյուր: Եվ այստեղ հեղինակը, տուրք տալով այս կամ այն հետազոտողի տեսակետին՝ քարտեզի մեջ է տեղադրում իրականության հետ չհամապատասխանող երթուղի: Ինչու իրականությանը չհամապատասխանող, որովհետև նման հիշատակություն մեզ հայտնի չէ: Այսինքն, դասագրքի քարտեզի հեղինակը քարտեզում տեղադրում և որպես հավաստի փաստ աշակերտներին ու ուսուցիչներին է հրամցնում է ոչ հավաստի քարտեզ: Քարտեզում մատնանշված Տիգրա, ՈՒյամա, Աուիտարա, Զուզա տեղանունների տեղորոշման վերաբերյալ իր Darius and the Armenians հոդվածում խիստ զգուշավորություն են ցուցացաբերում այդ թեմայով զբաղվող մեծանուն գիտնական, աքեմենյան շրջանի աշխարհի լավագույն մասնագետներից Դենիել Փոթթսը: Վերջինս նշում է, որ դեռևս հստակ չեն այդ տեղաննունները հստակ տեղադրությունները: Նման մոտեցում է ցուցաբերում հայտնի հայագետ Ջիուստո Տրաինան՝ այս տարի լույս տեսած Օքսֆորի Հին Մերձավոր Արևելքի պատմության 5-րդ հատորում "The Satrapies of the Persian Empire. Media and Armenia", in Karen Radner, Nadine Moeller, and D. T. Potts eds.), "The Oxford History of the Ancient Near East, Volume V: The Age of Persia", Oxford UP, Oxford 2023, Դե նրանք լուրջ գիտնականներ են, իսկ զգուշավորությունը, համակողմանի վերլուծությունները, այլ ոչ թե այս կամ այն ենթադրության տուրք տալը և այն որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը, հարիր են լուրջ գիտնականներին: Հ. Գ. Ինձ համար շատ տարօրինակ են այս քարտեզում Հայաստանի սահմանները, որոնք ձգվում են Կասպից ծովից մինչև Սև ծով: Ակհնայտ է, որ այդ սահմանները ուռճացված են, բայց Հայաստանի տարածքում գրված է Հայկական լեռնաշխարհ, Հայք, Հայաստան, Արմինա-ՈՒրարտու: Դա այն դեպքում, երբ նույն այս դասագրքում ներկայիս Հայաստանի հանրապետությունը ներառված չէ ՈՒրարտուի կազմում: Հեղինակին պետք է հուշել, որ գոնե դասագրքի քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական (որովհետև Թուրքիայում էլ կան լուրջ գիտնականներ) մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին: Իսկ այդ մոտեցումները հետևյալն է-հայ ժողովուրդը եկվոր է, այն էլ եկել է ՈՒրարտուի կործանումից հետո և հայերը փռյուգիացիներ են կամ փռյուգիացված տարր, հայերը ՈՒրարտուի հետ որևէ կապ չունեն և այնուհետև հայերը փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե ՈՒրարտուից հետո ունեցել են հզոր տերություն՝ ուռճացնելով իրենց երկրի սահմանները: Այդ ամենը լավագույնս արտացոլված է թուրք ազգայնամոլ, պալատական հնագետ Շեվքեթ Դոնմեզի «Հայերը և Անատոլիան: Հալիս հետի ավազանից երկաթի դարում մեծ գաղթը դեպի արևելանատոլիական բարձրավանդակ» գրքում: Ինքս աշխարհում հեղինակավոր Ancient West & East պարբերականի խնդրանքով գրել եմ այդ գրքի գրախոսականը: Դոնմեզի և նրա նման պալատական պատմաբաններն ու հնագետները միշտ լինելու են, բայց նրանք այնուհետև իր արժանի գնահատականն են ստանալու պատմության կողմից՝ որակվելով որպես «պալատական գիտնականներ»»: