Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հանրայինը վերահաստատեց իշխանության քարոզիչ լինելու` իր ամոթալի «առաքելությունը»». Արման Թաթոյան

«Հանրայինը վերահաստատեց իշխանության քարոզիչ լինելու` իր ամոթալի «առաքելությունը»». Արման Թաթոյան
245
Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 23:24

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է:
Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր՝ Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:
Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:
ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Այնպես որ, Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի՝ դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի:
Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ: Այն անարգանք է մեր պատմության նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։
Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան